Չորեքշաբթի օրն Արևմտյան Եվրոպայի ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազել են՝ նավթի գների աճի և եվրոգոտում գնաճի արագացման հետ կապված մտահոգությունների սրման ֆոնին։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփիչ ինդեքսը նվազել է 1,41%-ով՝ հասնելով 640,41 կետի։
Բրիտանական FTSE 100 ինդեքսը կորցրել է 1,31%, գերմանական DAX-ը՝ 1,66%, ֆրանսիական CAC 40-ը՝ 1,94%, իտալական FTSE MIB-ը՝ 0,58%, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 1,51%։
Նավթի գինը կտրուկ աճել է՝ հասնելով հուլիսից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշներին։ Ընդ որում, ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների նորությունների ֆոնին, Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 101 դոլարը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Հորդանանի Մուվաֆաք-Սալթի ավիաբազայում տեղակայված ամերիկյան զորքերին։ Հայտնի է դարձել նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու էսկադրային ականակիրների (էսմինեց) ուղղությամբ ԻՀՊԿ-ի հրթիռային հարվածների մասին։ Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը Պարսից և Օմանի ծոցերում ոչնչացրել են իրանական հինգ նավթային տանկեր։
Եվրոպական կենտրոնական բանկի երկօրյա նիստը կավարտվի հինգշաբթի։ Վերլուծաբանների և շուկայի մասնակիցների մեծ մասը կանխատեսում է, որ եվրոգոտում գնաճը զսպելու նպատակով կարգավորող մարմինը հիմնական տոկոսադրույքները կբարձրացնի 25 բազիսային կետով։
Ներդրողները սպասում են նաև ԱՄՆ-ում օգոստոս ամսվա սպառողական գների (CPI) և արտադրողների գների (PPI) ինդեքսների դինամիկայի վերաբերյալ զեկույցներին։ Այս տվյալները կարող են ազդել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշման վրա, որի նիստը կայանալու է հաջորդ շաբաթ։
Եվրոպական էներգետիկ ընկերությունները չորեքշաբթի աճ են գրանցել․ մասնավորապես Equinor-ի բաժնետոմսերը թանկացել են 4,2%-ով, Eni-ինը՝ 1,9%-ով, BP Plc-ինը՝ 1,3%-ով, TotalEnergies-ինը՝ 0,6%-ով, իսկ Shell-ինը՝ 0,1%-ով։
Stoxx 600 ինդեքսում ամենամեծ անկումը գրանցել են օգտագործված ավտոմեքենաների գերմանական դիլեր Auto1 Group-ի բաժնետոմսերը։ Գլխավոր ֆինանսական տնօրեն Քրիստիան Վալենտինի հրաժարականի լուրերի ֆոնին դրանք էժանացել են 6,5%-ով։
Կտրուկ արժեզրկվել են նաև Redcare Pharmacy-ի (-6%), Rightmove-ի ու Kering SA-ի (-5%), Hemnet Group-ի (-4,9%) և Kion Group-ի (-4,7%) արժեթղթերը։
Իսպանական Industria de Diseno Textil (Inditex) ընկերության արժեթղթերն էժանացել են 3,6%-ով՝ չնայած հագուստի համաշխարհային խոշորագույն ռիթեյլերներից մեկի հիանալի կիսամյակային հաշվետվությանը։ 2026 ֆինանսական տարվա առաջին կեսում ընկերությունն ավելացրել է զուտ շահույթը 6,8%-ով և սպասվածից ավելի մեծ հասույթ ստացել։
Deutsche Boerse-ի կապիտալիզացիան նվազել է 2,3%-ով այն բանից հետո, երբ բորսայական օպերատորը հայտարարեց 600 մլն եվրոյի փոխարկելի պարտատոմսեր թողարկելու մտադրության մասին։ Այդ գումարն ուղղվելու է պարտքերի մարմանն ու ընդհանուր կորպորատիվ ծախսերի ֆինանսավորմանը։
Բրիտանական Goodwin ինժեներական խմբի շուկայական արժեքը նվազել է 3,5%-ով։ Ընկերությունը հայտարարել է, որ 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգով (1,49 մլրդ դոլար) ամերիկյան Cerberus Capital-ին է վաճառում այն ստորաբաժանման մի մասը, որը ներառում է իր պաշտպանական ակտիվները։
Ամփոփիչ ինդեքսում աճի առաջատարը դարձել է ֆիննական Fortum ընկերությունը. դրա բաժնետոմսերի գինը ցատկել է 15,8%-ով։ Էներգոկոնցեռնը հայտնել է Google-ի հետ 22-ամյա համաձայնագրի ստորագրման մասին։ Ամերիկյան ընկերությունն իր տվյալների կենտրոնների համար կգնի Fortum-ին պատկանող «Լովիիսա» ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 50%-ը։ Երկարաժամկետ պայմանագիրը թույլ կտա ավարտել ԱԷԿ-ի արդիականացման ծրագիրն ու երկարաձգել դրա շահագործման ժամկետը։
Նկատելիորեն թանկացել են նաև Sunbelt Rentals (+12,1%), UPM-Kymmene (+5,4%), Kinnevik (+3,5%), Var Energi (+3%), Adecco և Glanbia (+2,7%) ընկերությունների բաժնետոմսերը։
Նավթագազային Energean ընկերության շուկայական արժեքն աճել է 9,3%-ով։ Ընկերությունը զեկուցել է առաջին կիսամյակում շահույթի 45% աճի մասին, ինչին նպաստել է նաև Իսրայելում արտադրության ծավալների վերականգնումը։
Բրիտանական Aberdeen Group ներդրումային ընկերության արժեթղթերի արժեքը բարձրացել է 0,4%-ով՝ Տորբյորն Մագնուսոնին տնօրենների խորհրդի նախագահ նշանակելու հայտարարությունից հետո։ Նա նախկինում նմանատիպ պաշտոն էր զբաղեցնում ֆիննական Nordea բանկում և ավտոապահովագրության ոլորտում մասնագիտացած Hastings ընկերությունում։
Գերմանական ֆոնդային ինդեքսում բացասական դինամիկա են գրանցել բոլոր ընկերությունները՝ բացառությամբ RWE AG-ի (+1,7%), SAP SE-ի (+0,6%) և Qiagen-ի (+0,4%), իսկ ֆրանսիականում՝ բոլորը, բացի TotalEnergies-ից (+0,6%) և Bureau Veritas-ից (+0,1%)։




























