«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում: Այսինքն` հայտարարություններով ամեն ինչ հրաշալի է, իրականում` որքան ավելի շատ են խոսում դրանց մասին, այնքան վիճակը վատանում է:
Եվ ինչպես գործող իշխանությունների առկայությամբ բացառված է ժողովրդավարության կայացումն ու, ասենք, մենաշնորհների վերացումը, այնպես էլ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի դոմինանտությամբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան, ըստ էության, բացառում է որեւէ իրական փոփոխության հնարավորություն:

Եթե առաջնորդվում ենք ՀԱԿ-ի ու «Ժառանգության» այն սկզբունքով, որ որեւէ իրական փոփոխություն հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման դեպքում: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ոչ իշխանական հրաշալի քառյակն առաջնորդվում է ոչ թե ՀԱԿ-ի ու «Ժառանգության», այլ առաջին հերթին` ԲՀԿ-ի թելադրանքով:

Ապացույցը` սեփական ելույթը որպես գործունեության ուղենիշ ընդունելու մասին` նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իմպերատիվ տոնով հիշեցումը ՀԱԿ անդամներին, ովքեր գլխահակ ու աշակերտաբար ընդունեցին հորդորը: Իսկ ԲՀԿ-ի սկզբունքն այս գործընթացում իրականում սկզբունքի բացակայությունն է: Ի դեպ, ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի հարցում ամենաինտրիգային իրադարձությունը տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում:

Ավելի ստույգ` դրա ավարտից հետո, երբ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ քննարկել են նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, իսկ ավելի ուշ Ծառուկյանի մամլուլի խոսնակը հայտարարություն տարածեց երկու ուժերի միջեւ առկա «տեսանելի տարբերությունների» մասին: Իսկ արդեն երեկ այդ հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ականները հայտարարում էին, որ նախագահի հրաժարականի հարց ընդհանրապես չի քննարկվել` գրեթե ուղղակիորեն Լ. Զուրաբյանին մեղադրելով ստախոսության մեջ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում