Ղրիմի մարտի 16-ի հանրաքվեն այն բանի նախադեպն է, որ նման հիմնախնդիրները լուծվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ղրիմի հանրաքվեից հետո՝ մենք կարող ենք Ղարաբաղի հարցի արդարացի լուծում ակնկալել՝ հայկական կողմի շահերից ելնելով:   Այս մասին մարտի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ Ղրիմի հանրաքվեն կարող է անհանգստացնել Ադրբեջանին:  «Ակնհայտ է, որ այս դեպքը չի կարող չանդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացի վրա», - նշել է քաղաքագետը, հավելելով, որ միջազգային իրավունը սկսում է գործել, եթե դրա հետեւում հզոր ուժ է կանգնած:

Մեկնաբանելով ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանա Ռուսաստանին, Արամ Մանուկյանն ընդգծել է, որ դա չպետք է լուրջ ընդունել: «Ներկայիս փուլում Ռուսաստանը պետք է դիտարկել որպես լավագույն դաշնակից: Սակայն Ռուսաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունները վատացնելու հարցում: Ճիշտ է, մյուս կողմից էլ  Ռուսաստանը  ղարաբաղյան հարցում չի կարող ոչ հայամետ դիրքորոշում զբաղեցնել», - նշել է Մանուկյանը:

Հիշեցնենք, Ղրիմի հանրաքվեն անցկացվել էր մարտի 16-ին: Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավարը հայտնել էր, որ քվեարկության մասնակիցների գրեթե 97%-ը ՌԴ-ին միանալուն կողմ էին քվեարկել: