Հունիսի 15-ին եռօրյա այցով Երևան են ժամանում ԵԽԽՎ մոնիտորիգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն: ՀՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունում NEWS.am-թղթակցին հայտնել են, որ այցի ընթացքում համազեկուցողներին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Այցի շրջանակներում նախատեսվում են համազեկուցողների հանդիպումները ՀՀ ԱԺ փոխնախագահի, 2008թ մարտի 1-ի իրադարձությունների պատճառների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Եվրամիության անդամ երկրների դեսպանների և միջազ•ային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ նախատեսվածի, համազեկուցողները հանդիպելու են նաև ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստահավաք խմբի նախկին անդամների, մարտիմեկյան դեպքերի հետևանքով կալանավորված անձանց փաստաբանների և հարազատների հետ:
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ հունիս ամսվա մեջ կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի նիստին, որտեղ քննարկվելու է Հայաստանում ժողովրդական ինստիտուտների գործունեության հարցը, հրավիրված է նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
Համազեկուցողների ՀՀ ժամանելու որոշումն ընդունվել է Ստրասբուրգում 2009թ ապրիլի 17-30 կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: Համաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանում ժողովրդական ինստիտուտների գործունեության հարցը եւ ընդգծվել է «երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերանայման անհրաժեշտությունը, եւ կոչ է արվել անցկացնել անկախ հետաքննություն մարտի 1-ից 2-ը ոստիկանության և ընդդիմության բախումների վերաբերյալ։
Կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել այն կալանավորներին, որոնք 2008թ մարտի 1-2-ի վայրագություններին անմիջականորեն չեն մասնակցել: ԵԽԽՎ-ն հորդորել է երկխոսության ճանապարհով, քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, իրականացնել բազմակողմ եւ խորը բարեփոխումներ: Բացի այդ, ԵԽԽՎ նստաշրջանում նաև քննարկվել է համաներման հարցը, որը, ԵԽԽՎ փորձագետների կարծիքով, պետք է հայտարարվեր դեռեւս կառույցի հունիսյան նստաշրջանից առաջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը կբարձրացվի հունիսի 24-ին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում:




























