Այս տարվա նոյեմբերի 9-ին լույս կտեսնեն ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հուշերը: Այս մասին հաղորդել է Crown Publishers հրատարակչական ընկերությունը:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձան»-ը, «Գլխավոր որոշումները» անունով իր հուշերում Բուշը պատմում է իր կյանքի 14 կրիտիկական պահերի մասին: Մասնավորապես, նա ներկայացնում է 2000 թվականի նախագահական ընտրությունների շուրջ ընթացող վեճերը, 2001-ի սեպտեմբերի 11-ի դեպքերը եւ 2003-ին Իրաքի դեմ պատերազմ սկսելու որոշումը: Նա չի մոռացել նաեւ այնպիսի «կարեւոր» իրադարձությունների մասին, ինչպիսիք են իր կողմից խմելը դադարեցնելը, ընտանիքի հետ հարաբերություններն ու կյանքի այլ մանրամասներ:

«Հեռանալով Սպիտակ տնից՝ Բուշը հարցազրույց չի տվել եւ հանդես չի եկել հրապարակային ելույթներով։ Սակայն նա ամեն օր զբաղվել է իր գրքով, որտեղ անկեղծորեն փորձել է ներկայացնել, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել իր նախագահության տարիներին»,-ասել են հրատարակիչները։