Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվեարկությունը ավելորդ անգամ վկայեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի գահավիժող ընթացքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Անվտանգության ապահովման պատրվակի տակ ռուսական նորկայսերապաշտական շահերի կամակատարի նվաստացուցիչ դեր ստանձնած հայաստանյան վարչախումբը չունի հայկական շահերի պաշտպանության խնդիր եւ որդեգրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվերապահ զոհաբերումը ռուսական գաղութատիրական նկրտումներին՝ ի շահ սեփական կլանային իշխանության պահպանման: Դժվար է տարբերակել որեւէ կարմիր գիծ, որից այն կողմ ապաշնորհ եւ ապազգային վարչախումբը Հայաստանը չի ենթարկեցնելու արտաքին, տվյալ դեպքում ռուսական թելադրանքին, եւ չի վերածվելու «Կարսի բերդը հանձնողի»:
Միջազգային իրավունքի ասպարեզում, հատկապես վերջին տարիներին նկատվող ազգերի ինքնորոշման սկզբունքի ընտրողական կիրառությունը (Կոսովո, Աբխազիա, Օսեթիա, Ղրիմ եւ այլն) հանգեցնում է այդ նույն իրավունքի վրա կառուցված աշխարհակարգի շարունակական ապակայունացմանը, որի վկայությունն է ուկրաինական ճգնաժամը: Ո՞րն է ուկրաինական իրադարձությունների գլխավոր այն դասը, որը պետք է սերտի Արեւմուտք, Ռուսաստան, իսլամական աշխարհ աշխարհաքաղաքական խաչմերուկում գտնվող, Արցախյան խնդիր եւ տարբեր բեւեռներում հաստատված սփյուռք ունեցող հայ ժողովուրդը:
Բարդ իրականությունը անհրաժեշտաբար թելադրում է բարդ վարք: Դա մի կողմից միջազգային երաշխիքների վրա հույս չդնելու, սեփական ուժերին ապավինելու, մյուս կողմից տարածաշրջանում հաստատված աշխարաքաղաքական ուժերի միջեւ հարաբերական հավասարակշռությունը հարգող եւ նրանց միջեւ հնարավորինս կամուրջի դեր կատարելու, աշխարաքաղաքական որեւէ ուժի կամակատար չդառնալու, եւ աշխարհին հասկանալի արտաքին քաղաքական ռազմավարության որդեգրումն է:
Ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն այսօր ոչ միայն պատերազմի վտանգն է, այլ ներկայիս անձեռնհաս քաղաքական վերնախավի կողմից ճակատագրական որոշումների կայացումը օտարին փոխանցելու բարոյազրկող որոշումը: Հայաստանը, հայությունը չներկայացնող մի խումբ արկածախնդիրներ ամբողջ ժողովրդի անունից որոշումներ են կայացնում, որոնց համար տասնյակ տարիներ պետք է ծանրագույն գին վճարեն գալիք սերունդները:
Այսպիսով քաղաքական վերնախավի արմատական նորացումը դառնում է ազգային օրակարգի գլխավոր խնդիրը եւ հնարավոր է միայն Դիմադրության ցանցային լայն ճակատի ստեղծմամբ, ընդ որում քաղաքական-քաղաքացիական պայքարի ողջ զինանոցի օգտագործմամբ:
Մենք ե՛նք տերը մեր երկրի»:




























