«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց: Մենք տեղեկացանք՝ բուն պատճառն այն է, որ առաջիկայում այդ վարչությունը վերակազմավորվելու է եւ վերածվելու է փոքր բաժնի, որը միայն մանկապարտեզներով կզբաղվի։

Մեր տեղեկություններով՝ պատճառը կրթության ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է մարզերում․ սեպտեմբերից մարզպետարաններից դպրոցների կառավարման մի շարք գործառույթներ փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, ուստի մարզպետարաններում նման մեծ բաժիններ պահելն այլեւս անիմաստ է։ 2027 թվականի սեպտեմբերից նույնը նախատեսվում է իրականացնել Երեւանում․ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությունից դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ-ի ենթակայության ներքո։

Թեեւ դեռ քաղաքապետարանում վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է հարցը, թե արդյո՞ք միայն մանկապարտեզների հարցերով առանձին վարչություն պահելու անհրաժեշտություն կա, գուցե այն վերակազմավորել բաժնի՞։ Ինչ վերաբերում է Մարգարիտ Խաչատրյանի անսպասելի հրաժարականին, ըստ էության, դեռ մեկ տարի վարչությունը գործելու է, մեզ ասացին, որ նա լավ առաջարկ է ստացել եւ նախընտրել է ժամանակից շուտ հեռանալ` չսպասելով կառուցվածքային փոփոխություններին։

ԿԳՄՍՆ-ից մեզ հավաստիացրին, որ Խաչատրյանին նախարարությունում որեւէ պաշտոնի նշանակելու վերաբերյալ գործընթաց չկա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում