Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները նախագահի հրաժարականը չեն պահանջի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն քանիցս այդ մասին հայտարարել է, դրա որոշ անդամներ նշում էին, որ իրենց համար կարեւորը վարչապետի հրաժարականն է, եւ որ ՀՀԿ-ում էլ լավ մարդիկ կան, այնտեղ էլ կան առողջ ուժեր, որոնք կարող են երկրի համար ինչ-որ լավ բան անել: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այն երբեք նախագահի հրաժարականից չի խոսել եւ, ըստ Քոչարյանի, չի էլ խոսի:
Քաղաքագետը նաեւ նշել է, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», որոնք նախագահի հրաժարականի պահանջ էին բարձրաձայնում, «խորհրդարանական քառյակի» ձեւաչափով դա անել չեն կարող:
Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտնի էր դարձել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին: Դա մեխանիկորեն ենթադրում է կառավարության հրաժարականը: Ավելի վաղ խորհրդարանական «քառյակը» հանդես էր եկել ապրիլի 28-ին վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























