ՌԴ քաղաքացիները կարող են ժամանակավորապես գտնվել Ուկրաինայի տարածքում՝ 180 օրերի ընթացքում 90 օրից ոչ ավելի, եթե Ուկրաինայի միջազգայն պայմանագրերով այլ ժամանակահատված չի ընտրվել, ասվում է Պետական սահմանամերձ ծառայության հաղորդագրությունում:
Համապատասխան որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի յոթից: Այն ընդունվում է կառավարության համապատասխան հանձնարարության հիման վրա:
«Այդ որոշումն ընդունվել է ռուսական կողմի ընդունած սահմանափակումներին ի պատասխան: Ըստ այդմ, այս տարվա հունվարի մեկից Ռուսաստանի տարածքում գտնվելու համանման ժամկետներ են սահմանվել Ուկրաինայի քաղաքացիների համար»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
ՌԴ քաղաքացիների կողմից համապատասխան որոշումը չկատարելու փաստերի բացահայտման դեպքում նրանց կմերժեն սահմանը հատելու հարցում, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Սահմանապահները, սակայն, պարզաբանում են, որ այս որոշման գործողությունը չի տարածվելու ՌԴ քաղաքացիների վրա, որոնք համարվում են սահմանամերձ շրջանի բնակիչներ:
Ինչպես հաղորդվում էր, տարեսկզբից ի վեր Ուկրաինայի Պետական սահմանամերձ ծառայության Արեւելյան շրջանային վարչության սահմանապահները երկիր մուտք գործել թույլ չեն տվել ՌԴ ավելի քան ինը հազար քաղաքացիների: Եվս 65 քաղաքացիների Ուկրաինա մուտքն արգելվել է մեկից-երեք տարով:
Միեւնույն ժամանակ ռուս սահմանապահները մոտ տաս հազար ուկրաինացիների թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք:



























