Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը չի կարծում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված է ճնշումների հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:
«Չեմ կարծում, որ ճնշումներով պայմանավորված լինի, ես տեղեկացված չեմ, քանի որ ես եկել էի լրիվ ուրիշ բանով, շնորհակալություն, ես գնում եմ: Երբ մարդկանց խնդրում ես, որ եկել ես ուրիշ հարցով, իրենք շարունակում են, ուրեմն շնորհակալություն, ես այլեւս ոչ մի հարցի չեմ պատասխանի: Չի կարելի, հասկանում եք, գոյություն ունի փոխադարձ հարգման նշան»,- բորբոքված ասաց պատգամավորը, երբ լրագրողները փորձեցին նրա կարծիքն իմանալ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ինքն եկել էր Մաքսային միության մասին խոսելու համար, ոչ թե վարչապետի հրաժարականի վերաբերյալ կարծիք հայտնելու:
Լրագրողների հարցին, թե պատգամավորի կարծիքով ում են նշանակելու նոր վարչապետ, Վարդան Այվազյանը նորից բարկացավ. «Չեմ իմանում՝ ում են նշանակելու, ենթադրություններ կատարել չեմ ուզում: Ես հուշտ ըլնելու բան չունեմ, որեւէ մեկից գողանալու չունեմ: Սիրում եմ, երբ ես հարգում եմ, ու ինձ էլ են հարգում, հասկանում եք, սխալ է այսպես»:
Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























