Ապրիլի 3-ից Հյուսիսատլանտյան դաշինքը քաղաքացիական թռիչքների համար բացել է Կոսովոյի երկնային տարածքը։ Անհրաժեշտ նավիգացիոն ծառայությունները կմատուցվեն հունգարական Hungarocontrol պետական ծառայության կողմից, ասվում է դաշինքի մամուլի հաղորդագրության մեջ։
«Կոսովոյի երկնային տարածքը 2014 թ. ապրիլի 3-ից կրկին բաց է քաղաքացիական թռիչքների համար։ Այս քայլին նախորդել էր Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ՝ Հունգարիայի կառավարության՝ Hungarocontrol ազգային նավիգացիոն ծառայության կողմից տրամադրվող ծառայությունների շնորհիվ որպես տեխնիկական օպերատոր հանդես գալու առաջարկն ընդունելու մասին որոշումը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են Դաշինքից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոսովոյի օդային տարածքի բացումը կբերի տարածաշրջանով իրականացվող թռիչքուղիների կրճատման եւ դրանց արժեքի նվազեցման։ «Համաձայն գնահատականների, այն իր ազդեցությունը կունենա տարեկան 180 հազար քաղաքացիական թռիչքների վրա»,-ասվում է հայտարարության մեջ։
Դաշինքի ներկայացուցիչները նաև նշում են, որ կազմակերպությունը եւ նրա հրամանատարությամբ գործող KFOR միջազգային ուժերը, այնուամենայնիվ, շարունակելու են վերահսկել Կոսովոյի երկինքը։
Կոսովոյի երկնային տարածքը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի վերահսկողության տակ է գտնվում, փակ էր քաղաքացիական թռիչքների համար 1999թ.-ից։




























