Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այն «գործիչը չէ, որին կարելի է քերել, իսկ ինչ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, այդպես է»: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը, երբ լրագրողները փորձում էին նրանից իմանալ, թե ինչու է հրաժարական տվել Տիգրան Սարգսյանը:

«Տիգրան Սարգսյանի որոշումն է, առավել եւս մեր մամուլի խոսնակն այս մասին հրապարակել է: Մի մտածեք, որ ես այն գործիչն եմ, որին կարելի է քերել, ինչ-որ ասել ենք հրապարակավ, դա էլ էդպես է»,- ասաց նա՝ այնուամենայնիվ, ընդգծելով, որ հրաժարականը բարեկիրթ քաղաքական ձեւ է, քանի որ վեց տարի արդեն աշխատել էր Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների հարցին՝ հնարավոր է նոր վարչապետը լինի այլ քաղաքական ուժից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Իհարկե կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլինի, որ նոր վարչապետը մեր կոալիցիայից լինի, բայց ըստ մեր մշտական գործելակերպի՝ մտածել ենք, որ ոչ թե պարտադիր ՀՀԿ լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ էդ ռազմավարությունն իրականացնողի խնդիր ենք լուծում, այսինքն ինքնանպատակ չենք առաջնորդվել»:

Սահակյանի խոսքով՝ ՀՀ արդեն նախկին վարչապետ դրական ազդեցություն է թողել երկրի տնտեսության վրա: Հարցին՝ արդյոք նոր վարչապետը երկիրը կհանի ճգնաժամից, ՀՀԿ-ական պատգամավորը զարմացավ. «Ճգնաժամ չկա Հայաստանում, որ մի հատ էլ նոր վարչապետը ճգնաժամային իրավիճակից հանի երկիրը»:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am