Երեւանում եւ մարզերում հանրահավաքները, հնարավոր է, կայանան, սակայն դրանց անցկացման ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, խորհրդարանական 4 ուժերի փակ հանդիպումից հետո հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ մարզային հանրահավաքներն ու մայրաքաղաքի ամփոփիչ հանրահավաքը ծրագրվել էին կառավարությանն անվստահություն հայտնելու համատեքստում: Սակայն իրավիճակի փոփոխության հետ կապված՝ խորհրդարանական խմբակցությունները չեն հրաժարվել մարզային հանդիպումների գաղափարից, որոնց ամսաթվերը հավելյալ  կճշգրտվեն: Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակում իշխանությունները պետք է ինչ-որ բան ձեռնարկեին եւ ձեռնարկեցին, որպեսզի կանխեն երկրում ներքաղաքական զարգացումները, որոնք մեկնարկելու էին ապրիլի 28-ից: 

Հակոբյանի կարծիքով ստեղծված իրավիճակը ոչ կոալիցիոն չորս խմբակցություններին թույլ  է տալիս գործել՝ հնարավորությունը բաց չթողնելով:

Ի պատասխան հարցին, թե կպահանջեն արդյոք նախագահի հրաժարականը, Հակոբյանը նշել է, որ դրա հետ կապված քառյակը տարբեր մոտեցումներ ունի, եւ ինքը կարող է հնչեցնել միայն «Ժառանգության» դիրքորոշումը:

 «Մենք կողմ ենք երկրում արմատական փոփոխություններին եւ ամբողջական իշխանափոխությանը»: Հակոբյանը միաժամանակ նշել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման մասին:

Այնուամենայնիվ, նա վստահեցրել էր, որ խորհրդարանական 4 խմբակցությունների համագործակցությունը կշարունակվի:

Ի պատասխան  հարցին, թե առաջադրելու են արդյոք  միասնական թեկնածու, Հակոբյանը ժխտողական պատասխան է տվել՝ նշելով, որ իրենց համար առանցքային չէ անձի հարցը: «Մենք չենք քննարկել թեկնածության հարցը, եւ դա բնական է: «Խորհրդարանական 4 ուժերը համագործակցում են ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ հանուն մեկ ընդհանուր նպատակի՝ երկրի եւ ժողովրդի բարօրության: Մենք պայքարում ենք նրանց դեմ, ովքեր  խոչընդոտում են երկրում կառուցողական փոփոխություններին»,- նշել է նա: