ՀՀ գլխավոր դատախազության մոտից այսօր՝ ապրիլի 4-ին, բերման ենթարկված՝ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանության կենտրոնականի բաժնից արդեն ազատ են արձակել: NEWS.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ իրեն 3 ժամ և 10 րոպե ապօրինի պահել են ոստիկանությունում: Նա նշեց, որ իր նկատմամբ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:

«Ինձ որևէ օրինական պահանջ չի ներկայացվել: Թող իրենք ցույց տան որևէ իրավական ակտ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մայթում չի կարող տեղաշարժվել: Նրանք ինձ հրում էին դեպի երթևեկելի մաս: Ես համոզված եմ, որ սա իմ  դեմ ուղղված քաղաքական հետապնդումների շարունակությունն է: Այսօր ոստիկաններն իրենց լկտի էին պահում: Բռնի ուժով ինձ բարձրացրին ոստիկանության բաժին, սպառնում էին, որ ձեռնաշղթաներ կհագցնեն եւ ուժ կկիրառեն»,-NEWS.am-ին ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը բերման էին ենթարկվել  մի քանի տասնյակ քաղաքացիների հետ այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիայի ժամանակ, որով պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ։