Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի ու բաց համագործակցության ծավալման իր մոտեցումներին, եւ նպատակ հետապնդելով ՊՆ իրավասության շրջանակում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում օգտագործել միջազգային կազմակերպությունների ներուժն ու փորձագիտական աջակցությունը, շրջանակային համագործակցություն է ծավալում ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համագործակցության շրջանակում ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ հայկական գրասենյակի ղեկավար, տիկին Հենրիետ Ահրենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի (2013թ. մայիսի 27-ի) ընթացքում ՀՀ առաջին զեկույցի ամփոփիչ դիտարկումների` ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերը, վերհանվող խնդիրների վերացման կամ առաջարկությունների կատարման նպատակով ՊՆ եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ համագործակցության ուղղությունները: Համաձայնություն ձեռք բերվեց ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որում կնշվեն համագործակցության ուղղությունները, իրականացվելիք ծրագրերը եւ ժամկետները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ հատուկ ուշադրություն դարձնել Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության մասին կամընտիր արձանագրության դրույթների իրազեկվածության բարձրացմանը:
Նույն օրը Դավիթ Տոնոյանն ընդունեց նաեւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանին: Ամփոփվեցին համագործակցության իրականացման շուրջ նախօրոք ձեռքբերված համաձայնությունները: Հստակեցվեցին ռազմաբժշկական ծառայությանը վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եւ զինված ուժերում կանանց իրավունքների երաշխավորման եւ պաշտպանության ծրագրերի իրականացման ձեւաչափերն ու ժամկետները: Քննարկվեցին համագործակցության ծավալների ու ուղղությունների ընդլայնման հնարավորությունները:



























