Եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնվեին ամբողջական իշխանափոխություն կատարել, ապա այսօր մենք այս հարցի առաջ կանգնած չէինք լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կգնան ամբողջական իշխանափոխության:
«Ժառանգությունը» ամբողջական իշխանափոխության մասին ամիսներ շարունակ խոսում է, իսկ եթե ինձ հարցնում եք մյուս երկու ուժերի դիրքորոշման մասին, ապա ասեմ՝ եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնվեին ամբողջական իշխանափոխության, մենք այս հարցի առաջ չէինք կանգնի»,- ասաց նա:
Անդրադառնալով ապրիլի 28-30-ը նախատեսված շուրջօրյա հանրահավաքին, «Ժառանգության» անդամը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է որոշել քառյակը:
«Մեր կուսակցությունն ունի իր օրակարգը, այս պահին հանրահավաքներ ենք անցկացնում Վանաձորում եւ Գյումրիում, իսկ ապրիլի 9-ին լինելու է Երեւանում մեր հանրահավաքը, ոչինչ չենք հետաձգել: Ինչ վերաբերվում է քառյակի կազմակերպած հանրահավաքին, ոչինչ ասել չեմ կարող: Քննարկումներ են գնում»:
Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է: Հրաժարականից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր կարծիքով՝ շուրջօրյա հանրահավաքը տեղի չի ունենա:



























