Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցի ղեկավար է ընտրվել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարզ էր այցելել՝ մասնակցելու ՀՀԿ-ի Կոտայքի մարզի տարածքային կազմակերպության խորհրդի նիստին, քանի որ ներկայացվում էր խորհրդի նախագահի հաշվետվությունը եւ կայանալու էր նրա ընտրությունը: Կոտայքի մարզպետն ասաց, որ ԱԺ նախագահը մասնակցել է նիստին եւ անմիջապես վերադարձել Երեւան՝ մասնակցելու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել էր Կոտայքի մարզ, որտեղ, ինչպես մեզ հայտնեցին նրա մերձավորները, հանդիպում էր Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ մարզի ՀՀԿ-ականների հետ։ Թե որն էր սույն այցի պատճառը, այն էլ ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես առաջ, այդպես էլ անհասկանալի մնաց։ Պաշտոնական որեւէ հաղորդագրություն այդ մասին չտարածվեց, իսկ Կովալենկո Շահգալդյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում։




























