Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն, այսօր՝ ապրիլի 4-ին, հանդիպել է ՀԲ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Քարոլինա Մոնսալվեին եւ հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Զարուհի Թոխմախյանին, ու նրանց հետ քննարկել Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է նաեւ 2015-2017թթ.  ժամանակահատվածի համար պլանավորված աշխատանքները, ինչպես նաեւ  Համաշխարհային բանկի կողմից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ներդրումների եվրոպական բանկի կողմից համատեղ նախապատրաստվող Մ6  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման  ծրագրի   համաֆինանսավորման հնարավորությունը:

Քարոլինա Մոնսալվեն նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ուսումնասիրել է ճանապարհների վիճակը, նախարարության կողմից ներկայացված ճանապարհների ցանկը եւ  դրանք   բավարարում են ծրագրի նպատակները:

Կողմերը կարեւորել են նաեւ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվելիք հանդիպումը, որտեղ տեղի կունենա  տարբեր երկրների պաշտոնյաների եւ փորձագետների փորձի փոխանակում:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ այդպիսի հանդիպումները նպաստում են ծանոթանալու եւ ճիշտ հետեւություններ անելու տարբեր երկրների փորձից։