Ով էլ դառնա նոր վարչապետ, լինելու է պոլի փետ ու անելու է այն, ինչ հրամայում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ով է վարչապետի առավել հավանական թեկնածուն:

Նրա խոսքով՝ նոր վարչապետի ընտրության հարցում քաղաքական տրամաբանությունն ուղղակի բացակայում է:

«Ի տարբերություն ամբողջ աշխարհի, Հայաստանում նոր վարչապետին նշանակում են ուրիշ տրամաբանությամբ, մաֆիոզ աշխարհին համապատասխան տրամաբանությամբ: Կարող է էնպիսի մի պոլի փետի դնեն, որ ամբողջ աշխարհը զարմանա»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանը չի բացառում, սակայն, որ նոր վարչապետը կլինի Ռուսաստանից. «Բայց միանշանակ է, որ նոր վարչապետն արդեն ընտրված է, ՀՀԿ ներկայացուցիչների խոսքից էլ է դա հասկանալի դառնում: Հենց օրինակ Գալուստ Սահակյանի այսօրվա խոսքերից միանշանակ պարզ է դառնում, որ նոր վարչապետը ՀՀԿ-ից չի լինի, բայց կոալիցիայից կլինի, այսինքն «Օրինաց երկիր» կուսակցությունից, որի կազմում էլ միակ նորմալ ֆիգուրը Արթուր Բաղդասարյանն է»:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի նրան, որը կկարողանա շտկել հարաբերությունները Ռուսաստանի եւ Եվրամիության հետ: Այնուամենայնիվ, նոր նշանակումն ըստ քաղաքապետի որակական փոփոխություններ չի խոստանում: Նույնը վերաբերում է նախարարներին:

«Եթե նախարարներին էլ փոխեն, դրանից ոչինչ չի փոխվի: Մեր այժմյան նախարարները պրոֆեսիոնալ են, սակայն թելադրանքի տակ են: Այնպես որ, ով էլ դառնա նախարար, նույնն է լինելու, որովհետեւ նախարարն աշխատելու պայման չունի»,- ավելացրեց Մանվել Սարգսյանը:

Նշենք, որ որպես վարչապետի թեկնածուներ՝ շրջանառվում են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, Վիվասել-ՄՏՍ-ի սեփականատեր Ռալֆ Յիրիկյանի անունները:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել է: