«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկը՝ Տիգրան Սարգսյանը, հրաժարական ներկայացրեց, կամ նրա պաշտոնանկությունը ներկայացվեց՝ որպես հրաժարական: Ինչպես Տիգրան Սարգսյանի ողջ գործունեությունը, այնպես էլ նրա հրաժարականը տեղի ունեցավ Հայաստանի համար չափազանց հակասական պայմաններում՝ ինքնին դառնալով հակասական նոր իրավիճակի հիմք:

Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ շրջանում խոսում էր բացառապես ինտելեկտուալի, մտավորականի տեսական դիրքերից՝ գործնականում սպասարկելով կիսաքրեական-օլիգարխիկ տնտեսությունը, նա ներկայանում էր՝ որպես եվրոպական արժեքների ջահակիր՝ միաժամանակ Մաքսային միությանն անդամակցությունը դարձնելով իր ամենակարեւոր խնդիրը: Հակասությունների շարքը կարելի է անվերջ թվել… սակայն դրա կարիքն այլեւս չկա՝ ոչ միայն այն պատճառով, որ հայկական ժողովրդական իմաստնության համաձայն՝ գնացողի հետեւից չեն խոսում, ու, առավել եւս, ընկածին չեն խփում, այլ որովհետեւ վարչապետի պաշտոնից հեռանալով՝ Տ. Սարգսյանը հակասականություն է ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում՝ այդպիսով առաջացնելով նաեւ իր հրաժարականի հակասական ընկալումներ:
Երկու օր է՝ քաղաքական կուլիսներում ու հրապարակային հարթակներում բոլորը քննարկում են ապագա հնարավոր վարչապետին ու Կառավարության կազմը:
Տիգրան Սարգսյանի քննադատությամբ իշխանական կուսակցությունից այլընտրանք դարձած ԲՀԿ-ն արդեն քննարկում է նախարարների անուն-ազգանունները, նույն գործին են լծված նաեւ դաշնակցականներն ու նրանց դաշնակից «Ժառանգության» անդամները, ՀԱԿ-ում հաշվարկում են իշխանության ամբողջական ռուսականացումից հետո իշխանության նկատմամբ ռուսական «մահակի» դերում հայտնվելու  դիվիդենտները:

Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը մեծագույն լավություն արեց նրանց, ում դեմ իբրեւ թե պայքարում էր՝ Հայաստանը եվրոպական ընտանիքում տեսնելու համար, հետո ում ճնշմամբ ստիպված եղավ եվրոտեսլականը փոխարինել մաքսային «պերսպեկտիվայով»:
Տիգրան Սարգսյանն, իհարկե, լավություն արեց նաեւ Սերժ Սարգսյանին՝ տարիներ շարունակ գիտակցված կամ պարտադրված իր վրա կրելով հանրային դժգոհության ողջ չափաբաժինը, թեեւ անձամբ գործուն մասնակցություն էր ունեցել դժգոհության առիթ հանդիսացած գրեթե բոլոր երեւույթներում, ու սա այն պարագան չէ, որ նրան կարելի է համարել «քավության նոխազ»:

Բայց Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը, թերեւս, իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է:
Ընդամենը 10 օր հետո իշխանության հետ միեւնույն արժեքային համակարգը կրող, միեւնույն արտաքին կենտրոններից ղեկավարվող կամ նրանց հետ «ճշտվող» բոլոր կամ գրեթե բոլոր ուժերը կլինեն միեւնույն կաթսայում:
Բացառություն կարող է կազմել միայն ՀԱԿ-ը, որը տիտղոսային ընդդիմության կարգավիճակի դիմաց՝ զանազան զարտուղի ճանապարհներով կօգտվի կաթսայից, կամ, ինչպես ընդունված է ասել, իշխանական կերակրատաշտի այլընտրանքային ծորակից:

Սա եզակի հնարավորություն է հասարակության, քաղաքացիական ակտիվիստների, ռուսական քաղաքական դաշտից դուրս գտնվող թեկուզ փոքր քաղաքական ուժերի համար՝ իրական ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար: Դրա համար, թերեւս, Տիգրան Սարգսյանին կարելի է անգամ շնորհակալություն հայտնել:
Տիգրան Սարգսյանը մի առիթով ասել էր, որ իրենք արտագաղթի դեմ չեն պայքարում, որպեսզի մարդիկ չմնան ու հեղափոխություն չանեն: Իր պաշտոնավարման ընթացքում Տիգրան Սարգսյանը հասավ նրան, որ հեղափոխության փոխարեն Հայաստանում, ըստ էության, տեղի ունեցավ պալատական հեղաշրջում: Ու ճակատագրի հեգնանքով կամ հանուն արդարության՝ ինքը դարձավ դրա զոհը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում