Մեր աշխատակիցների աշխատավարձից 5%-ի չափով վճար հաշվարկելու եւ վճարելու համար մենք չունենք որեւէ իրավասություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Անտարես» ՍՊԸ-ն՝ անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը:
Ընկերության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արձագանքելով ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը՝ կապված Հայաստանում պարտադիր կենսաթոշակային համակարգի ներմուծման հետ, ինչպես նաեւ այդ որոշման ամենատարբեր մեկնաբանություններին, «Անտարես» ՍՊն ընկերությունը պաշտոնապես հայտարարում է.
«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իր՝ 01/01/1974թ.-ից հետո ծնված աշխատակիցների հետ անցկացված խորհրդակցության արդյունքում պարզել է, որ նրանցից որեւէ մեկը կամարտահայտություն չի դրսեւորել իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված որեւէ վճարում կատարել:
Սա մեր ընկերության համար, որպես «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված վճարները կատարելու նպատակով հարկային գործակալ, վճռորոշ փաստ է հարկային գործակալի գործառույթը նույն օրենքի նպատակների համար իրականացնելու համար:
Մենք կարծում ենք, որ սահմանադրական իրավունքն ամեն դեպքում գերակայում է ցանկացած օրենքի գործողության նպատակահարմարության նկատմամբ: Սա նշանակում է, որ մեր աշխատակիցների սեփականությունը հանդիսացող աշխատավարձից 5%-ի չափով վճար հաշվարկելու եւ վճարելու համար մենք չունենք որեւէ իրավասություն, քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45 եւ 86-րդ հոդվածների համապատասխան դրույթները չենք կարող մեկնաբանել այլ կերպ, քան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ մեր Հանրապետության սահմանադրական դատարանի 02/04/2014թ.-ի թիվ ՍԴՈ-1142 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել եւ կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ապա եւ մեր ընկերության կողմից, առանց համապատասխան աշխատակցի գրավոր կամաարտահայտության, չի հաշվարկվելու եւ վճարվելու նրա աշխատավարձից պահվող 5% պարտադիր կուտակային վճարը: Այս կապակցությամբ մեզ համար ուղեցույց է հանդիսանում մեր Հանրապետության սահմանադրական դատարանի 02/04/2014թ.-ի թիվ ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետը, որն ուժի մեջ է մտել նույն որոշման հրապարակման պահից:
Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր կողմից կայացված որոշման ողջ պատասխանատվությունը եւ հայտնում, որ հետեւողական ենք լինելու մեր ընկերության եւ դրա աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցում, որի կապակցությամբ մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ դրանով նախատեսված հիմնական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը ուղղակիորեն գործող իրավունք է մեր ընկերության եւ նրա աշխատակիցների համար, որով եւ սահմանափակված են պետական մարմինները՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով:
Մենք միաժամանակ ակնկալում ենք նաեւ, որ մեր դիրքորոշումը կկիսեն նաեւ այլ տնտեսվարող սուբյեկտները եւ դրանց աշխատակիցները՝ բարեխիղճ եւ օրինական գործարարության սկզբունքների համաձայն: Մենք նպատակ չունենք սրանով որեւէ ընդվզում ստեղծել գործող իրավակարգի դեմ, սակայն պետք է նշենք նաեւ, որ, միաժամանակ, մտադիր չենք նաեւ իրավական տարրական գիտելիքներից զուրկ պաշտոնյաների կողմից տարիներ շարունակ հակասահմանադրական կենսաթոշակային համակարգ ստեղծողների պատասխանատվության փոխարեն այդ հակասահմանադրական գործելաոճի ողջ ծանրությունը թողնել մեր աշխատակիցների ուսերին:




























