Դատարանը Թուրքիայի Դիարբեքիր քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ դատարան բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:
Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը մեղադրվում է Դիարբեքիր քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը թուրքերեն, քրդերեն եւ անգլերեն լեզուներով ներկայացնելու համար: Դիարբեքիրի քաղաքապետի դեմ մեղադրանք է առաջադրվել «պաշտոնական դիրքը չարաշահելու» եւ «թուրքերեն տառերի վերաբերյալ օրենքը խախտելու» հոդվածներով: Դատախազությունը պահանջել է երեք տարվա ազատազրկում քուրդ քաղաքապետի համար: Սակայն Օսման Բայդեմիրը չի ներկայացել չորս դատական լսման, որի պատճառով դատարանը որոշում է կայացրել նրան բերման ենթարկել:
Նշենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Թուրքիայի միակ քաղաքապետն է, ով անցյալում տեղի ունեցածի համար ներողություն է խնդրել հայերից:




























