Ապրիլի 28-ին Արմավիրի զորամասերից մեկից դանակի 4 հարվածներից ստացած վնասվածքներով Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել գումարտակի հրամանատարներից մեկը, ով կոչումով փոխգնդապետ է։
ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատել են այս փաստը և հայտնել, որ զինդատախազությունում դեպքի առթիվ քր.գործ է հարուցվել՝ ինքնասպանության փորձի հատկանիշներով։ Այլ մանրամասներ՝ ներառյալ փոխգնդապետի անուն ազգանունը, չի հրապարակվում:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այդ օրը պաշտպանության նախարարին հայհոյելու համար վերադասը որոշել է պատժել գումարտակի հրամանատարին։ Փոխգնդապետին կապել են աթոռին և փորձել են այդ վիճակում հանել «պլաց»: Ըստ ծրագրի, զինվորները պետք է քայլեին նրա կողքով ու ինչ-որ վիրավորական բաներ ասեին։ Փոխգնդապետն էլ այդ անարգանքից խուսափելու համար մի կերպ ազատել է կապված ձեռքը, ու մոտակայքում հայտնված դանակը վերցնելով՝ իբր 4 անգամ հարվածել իրեն։




























