Այս տարվա սկզբի տվյալներով, Հայաստանում ապրող թոշակառուների քանակը հասնում է 518 հազարի, որը կազմում է բնակչության 16 տոկոսը։ Իսկ թոշակի միջին գումարը կազմում է ամսական 24 498 դրամ, ինչն ապրիլի 30-ի դրությամբ՝ համարժեք է 63,66 դոլարի։ Հայաստանում «միջին» թոշակը կազմում է անվանական աշխատավարձի մեկ քառորդը։

Միջին թոշակը գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, սակայն նկատելիորեն զիջում է սպառողական զամբյուղի արժեքին։ Նշենք նաեւ, որ նվազագույն սպառողական զամբյուղը միայն անունով է համապատասխանում իր նշանակությանը։ Զամբյուղի մեջ ընդգրկված մթերքները օրական ապահովում են միայն 2232 կիլոկալորիա, ինչը հավասարազոր է քաղցած մնալուն։

Ամսական թոշակով հնարավոր է գնել 13 կգ տավարի միս։ Իսկ ինչ վերաբերում է կյանքի մյուս հաճույքներին, ապա «միջին» թոշակով հնարավոր է ձեռք բերել մեկ զույգ «ոչ ֆիրմային» կոշիկներ բնական կաշվից կամ էլ ավտոմեքենայի կուտակիչ։ Եթե «միջին» թոշակառուն 15 ամիս խնայի իր թոշակը, ապա կկարողանա մեկ շաբաթ հանգստանալ արտասահմանում։