«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ապահովել Սահմանադրության պահպանումը՝ ստիպելով գործադիր իշխանությանը պատշաճ կատարել ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է նախաձեռնության կայքը

ՀՀ նախագահին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Դուք, ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը, երդվել եք, որ անվերապահորեն կատարելու եք Սահմանադրության պահանջները՝ հարգելու մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովելու Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Սակայն ինչպես ականատես ենք լինում, եւ Դուք էլ ձեր խոսքում շեշտեցիք, ժողովրդի 80%-ը դեմ է մի օրենքի, որն արդեն ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական: ՀՀ կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ ժողովրդից գանձելու է այդ գումարները, ինչն անընդունելի է մեր կողմից եւ դադապարտում ենք նման քայլը:

Ելնելով վերոգրյալից՝ ես, որպես ՀՀ քաղաքացի, դիմում եմ Ձեզ՝ երկրի նախագահին, պահանջելով մնալ հավատարիմ Սահմանադրության ու Ավետարանի վրա տված Ձեր երդմանը, կատարելով Սահմանադրությամբ սահմանված Ձեր պարտականությունները՝ ապահովել Սահմանադրության ու սահմադրական դատարանի որոշման պահանջների անհապաղ կատարումը գործադիր իշխանության կողմից:

Խնդրում եմ գրավոր պատասխանել դիմումիս՝ ծանուցելով սույն պահանջի կատարման հետ կապված քայլերի ու հնարավոր ժամանակացույցի մասին»: