Նա ներկաներին է ներկայացրել 2010 թվականի առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրությունը: Նա մասնավորապես, նշել է.

«Այս պահի դրությամբ մենք ունենք ՀՆԱ 5.5 տոկոս տնտեսական աճ, որը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր 2010-ի բյուջեի հիմքում դրված է 1.2 տոկոս աճի կանխատեսում»,- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ աճ հիմնականում արձանագրվել է արդյունաբերության ոլորտում` 10.4 տոկոս:

«Առաջին անգամ մենք նաեւ արձանագրել ենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ` շուրջ 10 տոկոս, որովհետեւ նախորդ տարի մշտապես էլեկտրաէներգիայի արտադրության նվազում էր արձանագրվում, որը պայմանավորված էր պահանջարկի նվազմամբ: 3.2 տոկոս աճ է նկատվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Պետք է նշել, որ այս հիմնական ուղղություններում աճը եղել է այն պայմաններում, երբ մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը` վերջին 10 տարիներին տնտեսական աճ ապահովող շինարարությունը, դեռեւս շարունակում է իր անկումը: Մենք առաջին եռամսյակում ունեինք 0.6 տոկոս անկում շինարարության ոլորտում, եւ չնայած այդ հանգամանքին` մնացած բոլոր ճյուղերն ապահովել են բավական կայուն աճի տեմպեր: Կարեւոր է, որ մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 1 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալն աճել է 6.2 տոկոս` առանց առեւտրի: Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ զբոսաշրջության ծավալները 5.5 տոկոսով աճել են, ընդ որում` ուղեւորափոխադրումները „Զվարթնոց“ օդանավակայանում հենց 5.5 տոկոսով են աճել»,- ասել է նա:

Անդրադառնալով հարկային դաշտում արձանագրված ցուցանիշներին` վարչապետն ընդգծել է. «Մենք գերակատարել ենք հարկային եկամուտները. առաջին 4 ամիսների ընթացքում հավաքել ենք ավելի շատ հարկեր, քան ծրագրել էինք, եւ կատարել ենք ավելի քիչ ծախսեր, քան պլանավորել էինք: Դա նույնպես դրական է ազդել գնաճի վրա»:

Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել համաշխարհային տնտեսական ճգնաժամի վերաբերյալ կանխատեսումները։ «Տեղյակ եք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն անցյալ շաբաթ վերանայեց համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները` դեպի բարձրացում, որովհետեւ առաջին հերթին անցումային երկրները, զարգացող երկրները ապահովել են լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր ԱՄՀ-ի կողմից»,-նշել է նա: