Լրագրողների նկատմամբ բռնությունները մոտակա ժամանակներում չեն դադարի։ Մայիսի 3-ին` մամուլի ազատության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա համոզմամբ սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքացին պաշտպանված չէ, եւ «եթե քաղաքացին պաշտպանված չէ, ինչպես կարող է լրագրողը պաշտպանված լինել»։
«Այն պայմաններում, որում առայժմ ապրում է մեր հասարակությունը, լրագրողի մասնագիտությունը պետք է լինի վտանգված, կամ մենք չենք ունենա այդպիսի մասնագիտություն»,-ասաց Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը։ Իսկ հանդիպմանը ներկա լրագրող, JNews.am կայքէջի խմբագիր Սուրեն Դեհերյանն էլ նշեց, որ Հայասատնում ազատ մամուլ ունենալու համար անհրաժեշտ է նաեւ քաղաքական կամք։
Բորիս Նավասարդյանի կարծիքով հեռուստաընկերությունների թվայնացումը, որը կատարվելու է այս տարվա հունիսին, հեռարձակման ոլորտում կարող է բերել էլ ավելի ուժեղ վերահսկողության։
Անդրադառնալով Freedom House իրավապաշտպանական կազմակերպության մամուլի ազատության 2010 թվականի զեկույցին, որում Հայաստանը համարվում է ոչ ազատ երկիր, Բորիս Նավասարդյանն ասաց, որ պետք չէ կենտրոնանալ Freedomhouse-ի գնահատակների վրա։ «Ստացվում է ինքնանպատակ, դառնո՞ւմ ենք մասամբ ազատ, թե չենք դառնում, թե մնում ենք անազատ։ Խնդիրը դրանում չէ։ Խնդիրն այն է, որ մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի դժվարություններ կան լրագրողների եւ լրատվամիջոցների համար եւ պետք է կենտրոնանանք այդ խնդիրների վրա»,-նշեց Բորիս Նավասարդյանը։
Ի դեպ այս տարի եւս, նախորդ տարվա պես, Երեւանի մամուլի ակումբը եւ «Ինտերնյուս» լրագրողական հասարակությունը մամուլի ազատության օրը լրագրողներին մրցանակներ չի հանձնի։
«Պրոբլեմը ոչ թե նրանում է, որ մենք չունենք լրագրողներ, որոնք կարող են արժանանալ այդ մրցանակին, այլ ցավոք մենք չունենք լրագրողների համար դրսեւորման հնարավորություններ։ Օբյեկտիվորեն խոսքի ազատության ժամանակը դեռ չի եկել Հայաստան»,- պատճառը ներկայացնելով՝ ամփոփեց Բորիս Նավասարդյանը։




























