Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից ոչինչ չէր փոխվի, իսկ կուտակայինի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը շատ հստակ է: Այս մասին NEWS.am-ին ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու խորհրդարանական բոլոր ուժերն այս պահին կառավարությունում են, բացի իրենցից:
«Բոլոր ուժերը, մինուս մեկ: Չենք գնացել հանդիպման, որովհետեւ մեր պահանջը հստակ ձեւակերպված է եւ օրենքի նախագծի մեջ, եւ Սահմանադրական դատարան ներկայացրած հայցի մեջ: Այդ հանդիպումից ոչինչ չէր փոխվի եւ մեր դիրքորոշումը շատ հստակ է: Դրա համար էլ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման չենք գնացել»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին քննարկում է հրավիրել կառավարությունում, որին մասնակցում են խորհրդարանական հինգ ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:



























