Ապրիլի 30-ից մայիսի 3-ը Վրաստանի Բաթում քաղաքում Հայաստանի սեղանի թենիսի թիմը մասնակցել է սեղանի թենիսի պատանիների միջազգային մրցաշարին: Հայաստանի թիմը մրցել է Թուրքիայի, Կիպրոսի եւ Վրաստանի թիմերի հետ:

Թիմային պայքարում Վրաստանը ներկայացնող առաջին թիմի նկատմամբ Հայաստանի ընտրանին հաղթանակ է տոնել 3:1 հաշվով: Թուրքիայի թիմի նկատմամբ մեր թենիսիստները հաղթանակ են տարել 3:0 հաշվով: Հայաստանի թիմը եզրափակիչ է դուրս եկել Վրաստանը ներկայացնող երկրորդ թիմի հետ, որին հաղթել է 3:1 հաշվով և հռչակվել է չեմպիոն: Անհատական պայքարում Հայաստանի պատանիների չեմպիոն Հարություն Հարությունյանը հաղթանակ տոնելով Թուրքիայի, Կիպրոսի, Վրաստանի թենիսիստների նկատմամբ` հռչակվել է պատանիների միջազգային մրցաշարի չեմպիոն: Ընդհանուր առմամբ միջազգային այս մրցաշարում Հայաստանի սեղանի թենիսի թիմը անհատական մրցապայքարում վաստակել է 1 ոսկե, 1 բրոնզե մեդալ, իսկ թիմային մրցապայքարում չեմպիոն է հռչակվել: Մայիսի 4-ին Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը վերադառնալու է Հայաստան: