ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանել է իր ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատակիցներին իր ուղարկած շրջաբերականը, որով տեղեկացնում է, որ կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարները գանձվելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Աշոտյանն այս կապակցությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր որոշ լրատվամիջոցներում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԿԳՆ-ի կողմից իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին ուղարկված շրջաբերականը կուտակայինին առնչվող հարցերի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ փաստաթղթաշրջանառությունը որոշակի ժամանակ է պահանջում. «բանավոր խոսք կառավարության նիստին- գրավոր հանձնարարական - շրջաբերական նամակ հաստատություններին» շղթան երկար է եւ ժամանակատար: Դժվար չէ հասկանալ սա:

Ապրիլի 23-ին իջեցված շրջաբերականը ստորագրվել եւ առաքվել է մինչեւ ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հայտնի ելույթը նույն օրը տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստին: Սա էլ է ակնհայտ:

Իմ տպավորությամբ, որոշների սրտով չէ ՀՀ կառավարության կառուցողական կեցվածքն ու վերջին հրապարակային ելույթները թեմայի առնչությամբ: Որոշները ոչ թե խիստ արդիական խնդրի լուծում են ակնկալում, այլ հնարավորություն ինքնանպատակ «բզբզելու»:

Անօգուտ զբաղմունք է դա: ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ Կառավարության մաս է եւ իրականացրել ու իրականացնելու է բացառապես ՀՀ Կառավարության քաղաքականությունը: Անհոգ եղեք»:

Նույն խնդրի առնչությամբ ԿԳՆ-ն նշել է.

«Նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում, Կրթության եւ գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, տեղեկացրել է ուսումնական հաստատություններին: Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-ին հանձնարարական է իջեցրել իր ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատակիցներին, որով տեղեկացնում է, որ կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարները գանձվելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի՝ կուտակայինի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ օրենքն անփոփոխ է մնում եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը գանձվելու է 5% պարտադիր վճարները: Վարչապետ նշանակվելուց ընդամենը օրեր անց, սակայն, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Ապրիլի 28-ին կառավարության նախագիծը ներկայացվելու է խորհրդարանին: