Սեւանից լրացուցիչ ջրառի  որոշումը կայացվել է  մասնագիտական համակողմանի ուսումնասիրություների, բազմակողմ քննարկումների հիմքով: Նման հայտարարությամբ են հանդես եկել Արարատյան դաշտում ջրօգտագործող 9 կազմակերպություններ:

Նրանց հայտարարությունում ասվում է.

«Այս օրերին Սեւանա լճից հավելյալ ջրառի թեման շարունակում է ակտիվ շրջանառվել հասարակական-բնապահպանական, քաղաքական ու գիտական շրջանակներում՝ ուղեկցվելով տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց մեջ գերակշռող են Սեւանի մակարդակի պահպանման մտահոգությամբ պայմանավորված, սակայն հաճախ նաեւ սխալ մեկնաբանությունները: Հերթականը հնչել է ապրիլի 23-ին՝ երկրի գիտական բարձրագույն ամբիոնից. խոսքը ԳԱԱ տարեկան ժողովում   ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հայտարարության մասին է:

Գիտնականը մասնավորապես կոչ է արել Ակադեմիային՝ արգելել Սեւանից ջրի բացթողումը, ընդգծելով, որ լիճը ոչ միայն բնապահպանական, այլեւ ռազմավարական կարեւորութուն ունի: Չենք կարծում, թե մեր իրականության մեջ կարող է լինել մեկը, որ թերագնահատի Սեւանի նշանակությունը մեր երկրի համար, իսկ  հավելյալ ջրառի պարտադրված քայլն ամենեւին չի նշանակում, թե Սեւանի շահը ստորադասվում է. որոշումը կայացվել է  լրջագույն հիմնավորումներով ու լճի անվտանգության երաշխիքներով:

Մենք,  Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողների ընկերություններս, անցած ամիսներին շատ ենք լսել «կույր» քննադատություններ՝ ընդդեմ հավելյալ ջրառի, սակայն մեզ առավել վրդովեցրել է ակադեմիկոսի, անվանի գիտնականի խոսքը, անտեղյակությունն իրականությունից ու խնդրի լրջությունից: Ջրբաշյանն անխնա մեղադրում է խորհրդարանականներին՝ «ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սեւանի ջրի ավելցուկը բացելու հարցը». հուզական այս ելույթին ու կտրուկ որակումներին  հակադարձում է երկրի նախագահը՝ իրավիճակի կարգավորման սթափ գնահատականով ու հավասարակշռված մոտեցմամբ՝ հարգարժան գիտնականին հիշեցնելով, որ  «ԱԺ-ն ժամանակին Սեւանի մասին օրենք է ընդունել, որը սահմանում է, թե տարեկան ինչքան է նախատեսվում բարձրացնել լճի մակարդակը: Իսկ հիմնավորումների հեղինակը Գիտությունների ազգային ակադեմիան է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հավելել է նաեւ, որ Սեւանա լճի մակարդակն անցած տարիներին  նախատեսվածից ավելին է բարձրացել եւ այսօր Արարատյան դաշտում ստեղծված իրավիճակից ելնելով, կարող ենք մեզ հավելյալ ջրառ թույլ տալ՝ առանց վնասելու լճին:

Տեղյակ ենք, որ Սեւանից լրացուցիչ ջրառի  որոշումը կայացվել է  մասնագիտական համակողմանի ուսումնասիրություների, բազմակողմ քննարկումների հիմքով եւ առավելագույն չափի սահմանումն էլ դեռեւս չի նշանակում, թե ամբողջ ծավալն անվերապահ  կօգտագործվի. մենք հող ու ջրի մարդ ենք, գիտենք, որ դա կախված է տարվա բնակլիմայական պայմաններից: Եվ հարգարժան ակադեմիկոսին հրավիրում ենք Արարատյան դաշտավայր, հատկապես ջրասակավության գոտում հայտնված գյուղեր՝ եկեք, տեսեք, թե մեր դաշտավայրն ինչ վտանգի առաջ է կանգնած եւ ոռոգման ջրի դեֆիցիտի չկարգավորումն ինչ հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ երկրի համար:

Նաեւ մեր անունից օրեր առաջ հայտարարություն էր տարածել ՋՕԸ աջակցող թիմը` հանգամանալից ներկայացնելով Արարատյան դաշտավայրի իրավիճակը, կատարվող աշխատանքներն ու ոռոգման ջրի դեֆիցիտի առաջ կանգնած երեսուներեք գյուղերի ցանկը: Ցանկության դեպքում, հարգելի պարոն Ջրբաշյան,  այդ պարզաբանումը կարող եք գտնել էլեկտրոնային լրատվամիջոցներում:

Առնվազն տարակուսելի է գիտնականի հայտարարությունը նման բարձր ամբիոնից, թե մենք ավելացնում ենք Սեւանի հոսքը, «որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջեւան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, զրկում ենք մեր գյուղացուն ջրից՝ ջուրն ուղարկում ենք Ադրբեջան»:

Երբ նման հայտարարություններ են անում սկսնակ ու հավակնոտ քաղաքական գործիչները, հասկանում ենք, որ գործ ունենք տարրական պոպուլիզմի հետ, իսկ հարգարժան գիտնականի հարուստ կենսափորձն ու անցած ճանապարհը, կարծում ենք, չպետք է տեղիք տան միայն էմոցիաների վրա կառուցված եզրահանգումների, որոնք ավելի շատ դատավճիռ են հիշեցնում:

Ի պատիվ մեր երկրի Նախագահի, ասենք, որ Սերժ Սարգսյանը արժանապատիվ է պատասխանել նաեւ այդ անհիմն հայտարարությանը. «Ես խնդրում եմ՝ Սեւանի մասին մասնագիտական խոսք ասեք, ոչ թե հուզական,  Սեւանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում»:

Կրկին մեր մտահոգությունն ենք բարձրաձայնում՝ Արարատյան դաշտավայրում ոռոգման շրջանի մեկնարկից արդեն իսկ  զգացվող ջրի սակավության խնդրով եւ հորդորում գոնե գիտական շրջանակներին չտրվել միակողմանի զգացմունքային մոտեցումների, այլ՝ հանդես գալ առողջ բանականության դիրքերից, ավելին, համախմբել ուժերը, գիտական մտքի կարողությունները եւ աջակցել մեզ՝ լավագույն լուծումների գալու ակնկալիքով:

Եվս մեկ անգամ վստահեցնում ենք. Սեւանի ճակատագրի հանդեպ անտարբեր, առավել եւս չարակամ չի կարող լինել որեւէ հայ մարդ, եւ չլինելով բնապահպան կամ գիտնական, մեզնից յուրաքանչյուրը թանկ է գնահատում մեր երկրի ամեն կաթիլ ջուրն ու ամեն պտղունց հողը: Այսօր Արարատյան դաշտի բերրի հողը վտանգված է եւ եթե իսկապես ընդառաջ քայլ չանենք, կկորցնենք տարվա բերքը:

Սթափ լինենք, սրտացավ ու միասնական:

Արարատյան դաշտի ջրօգտագործողների անունից՝ մի շարք ՋՕԸ-ներ

«Վաղարշապատ» ՋՕԸ

«Խոյ» ՋՕԸ

«Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ

«Մասիս» ՋՕԸ

«Մուսալեռ» ՋՕԸ

«Աշտարակ» ՋՕԸ

«Փարպի» ՋՕԸ

«Շամիրամ» ՋՕԸ

«Եղվարդ» ՋՕԸ