Հայաստանի նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել, ապրիլի 25-ին լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր , ԱԺ ֆինանսների հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ Հովիկ Աբրահամյանի նշանակումը: Ըստ նրա՝ կառավարության փոփոխությունը պայմանավորված է սոսլ նոր պայմաններով, որոնց պարագայում առավել արդյունավետ կարող են աշխատել նոր կադրերը:
Էկոնոմիկայի նախարարի մասին հարցին ի պատասխան Մինասյանը հայտարարել է. «Պարոն Վահրամ Ավանեսյանն արել է այն ամենը, ինչը պահանջում էին հանգամանքները»:
Նա հիշեցրել է, որ կառավարությանը եւ խորհրդարանին բավականին հագեցած օրակարգ է սպասվում: Մայիսի վերջին նախատեսվում են 2013թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության լսումներ, ինչպես նաեւ 2014թ. դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի զեկույցը եւ դրա 2013թ. հաշվետվությունը, եւ, վերջապես, ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցը: «Նոր կառավարությունը ձեւավորվելու է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում՝ մինչեւ մայիսի 3-ը, եւ մենք կկարողանանք շարունակել համատեղ աշխատանքը», - հայտնել է Մինասյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում իշխող կոալիցիայի փլուզումը ՀՀԿ-ին պարտավորեցնում է աշխատել կրկնապատկված ուշադրությամբ: Կուսակցությունը միայնակ է կառավարություն ձեւավորում, նա խորհրդարանում մեծամասնություն ունի, սակայն դա ոչինչ չի փոխում, չպետք է թուլանալ, հավելել է Մինասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























