Հայաստանի համար ավելի նպատակահարմար կլիներ չշտապել ու որոշակի մանրամասների վերաբերյալ բանակցել, որից հետո արդեն մտնել Եվրասիական տնտեսական տարածք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ապրիլի 18-ին Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի արված հայտարարությանը, թե ապրիլի 29-ին հնարավոր է Հայաստանն անդամակցի ոչ թե Մաքսային միությանը, այլ Եվրասիական տնտեսական միությանը:

«Սա բնականոն գործընթաց է, սակայն այսպիսի կտրուկ արագ մտնելու պարագայում բազմաթիվ հարցեր, որոնք բանակցությունների արդյունքում պետք է լուծվեին, բնականաբար, մենք ժամանակային առումով չենք կարողանալու այդ հարցերին անհրաժեշտ ուշադրություն դարձնել եւ բանակցային պրոցեսում մեզ համար շահավետ դարձնել: Այս պարագան հաշվի առնելով՝ ես հակված եմ ենթադրելու, որ միանգամից մուտքը կբացառի որոշակի մանրամասների առումով բանակցություններն ու վերլուծությունները, որի պարագայում հավանականությունը բավականին մեծ կարող է լինել ոչ նպատակահարմար Հայաստանի հանրապետության համար: Դրա համար իմ կարծիքով ավելի նպատակահարմար է, օգտակար է չշտապելն ու որոշակի հարաբերություններ մենք վերստին կգնահատեինք, կվերլուծեինք, որի պարագայում Հայաստանը եւ սոցիալական առումով, եւ տնտեսական առումով ավելի կկողմնորոշվեր»,- ասաց նա:

Վարդան Բոստանջյանը համոզված է, որ մեր այդ շտապողականությունը կբերի ոչ ցանկալի արդյունքների, այնպես ինչպես միշտ եղել է. «Բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք շտապողական ենք եղել, դրա համար ենք մենք իշխանությունների նկատմամբ այս պահին անվստահ»:

Մեր հարցին՝ ինչ վտանգներ է ներկայացնում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը՝ ԲՀԿ-ական տնտեսագետն ընդգծեց. «Այդպես մեծ կատաստրոֆ վտանգ չկա, բայց այս գործընթացը ենթադրում էր կանխավ բանակցությունների շղթա, որը կենթադրեր մեզ համար ոչ ցանկալի երեւույթներից զերծ մնալը: Սակայն պետք է հաշվի առնել, որ ներդրումներ են լինելու, նոր աշխատատեղեր են բացվելու, աշխատավարձերը կբարձրացվեն, իսկ մյուս կողմից էլ կյանքը կթանկանա, սակայն այս երկու գործոններն իրար կկոմպենսացնեն»:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը ապրիլի 18-ին գրել էր, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ու նրա առաջին տեղակալ Կարինե Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ  հնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: