«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին»  օրինագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայում՝ ապրիլի 28-30-ին: Այս մասին նշվել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով, մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը:

Նրա խոսքով՝ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է  նաեւ, որ օրենքի 76-րդ հոդվածի գործողության կասեցման ժամկետը լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով ընդունվող ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքի նախագծին՝ նստաշրջանի եւ ապրիլի 28-30-ի քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Համաձայն ԱԺ կանոնակարգի ՝ ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի, հանձնաժողովը որոշել է, որ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: