ԲՀԿ-ն անհապաղ շրջանառության մեջ է դնում փոքր եւ միջին ձեռնարկություններին շրջանառության հարկից եւ արտոնագրային վճարներից ամբողջական ազատելու օրենսդրական նախաձեռնությունը: Այս մասին նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
«Կարեւորելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության գործուն աջակցության իր ծրագրային մոտեցումների իրականացման անհրաժեշտությունը եւ այն, որ անցած երկու տարիների ընթացքում հանրապետությունում փակվել է 3000-ից ավելի փոքր մանրածախ օբյեկտներ, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում շարունակվում է այդ անընդունելի գործընթացը եւ արդեն փակվել են եւս 1000 օբյեկտներ`ԲՀԿ-ն անհապաղ շրջանառության մեջ է դնում ՓՄՁ սուբյեկտներին շրջանառության հարկից եւ արտոնագրային վճարներից ամբողջական «ազատելու» օրենսդրական նախաձեռնությունը: Սա մեր կողմից առաջարկված 10 քայլերից մեկն է»,-ասել է Մելքումյանը:
Նրա խոսքով՝ 2014թ. ՀՀ պետական բյուջեում շրջառության հարկից եւ արտոնագրային վճարներից մուտքերը պետք է կազմեն 21 մլրդ դրամ, սակայն, եթե հայաստանյան 18 հազար խանութներից արդեն 4000-ը փակվել են, ապա անհնար կլինի այդ միջոցների հավաքագրումը:
«Հարկային առաջարկվող արտոնության արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 60 հազար ՓՄՁ սուբյեկտներից յուրաքանչյուրում առնվազն մեկ լրացուցիչ աշխատատեղ կստեղծվի (ընդհանուր առմամբ՝ կստեղծվեն շուրջ 60 հազար նոր աշխատատեղեր), որի միայն եկամտահարկը կկազմի տարեկան շուրջ 10-12 մլրդ դրամ: Տնտեսավարողների մոտ կխնայվեն շրջանառու միջոցներ, կավելանա ներդրումային ակտիվությունը: Միջին հաշվով յուրաքանչյուր ՓՄՁ սուբյեկտի մոտ խնայողությունը ամսական կկազմի 30-40 հազար դրամ: Նույնը վերաբերում է արտոնագրային վճարով գործող տաքսիստներին, վարսավիրանոցներին, փոքր սննդի օբյեկտներին եւ այլն»,-ընդգծել է նա:



























