ՏԿՆ Ջրային տնտեսության ԾԻԳ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, անդրադառնալով բնապահպան Մովսես Մանուկյանի հայտարարություններին, ըստ որի Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ եղել է, այնպես էլ մնացել է:

ՏԿՆ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի պարզաբանման մեջ ասվում է.

«Բնապահպան Մովսես Մանուկյանն անդրադառնում է ջրամբարի շահագործումից ակնկալվող արդյունքներին՝ կասկածի տակ առնելով դրանք: Իսկ բնապահպանի մտավախության աղբյուրն իր դիտարկումն է՝ «ջրերը ուրախ գալիս են, գնում», իսկ Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է»:

Ջրային տնտեսության ԾԻԳ-ի մասնագետների պարզաբանմամբ` Մարմարիկի ջրամբարը ոչ թե դատարկ է, այլ լցված է ուղիղ այնքան, ինչքան նախատեսված է  նախագծով: Իսկ ոլորտի ցանկացած մասնագետի քաջ հայտնի է, որ նորակառույց  ջրամբարները, հատկապես 10մլն խ/մ-ից ավելի տարողությամբ, պետք է տիպային կանոնների համաձայն  սկզբնական շրջանում ջուր ամբարեն ոչ թե միանգամից, այլ՝ փուլային տարբերակով եւ աստիճանաբար միայն հասնեն նախագծային ծավալի ամբողջ օգտագործմանը:

Հենց այդ փուլային տարբերակով էլ Մարմարիկի ջրամբարը  շահագործման առաջին տարում 2012թ. լցվել է մինչեւ նախատեսված նիշը` 1878մ ` ծովի մակարդակից կամ 6 մլն խմ:

2013-ին ջրամբարը  լցվել է մինչեւ 1888մ /11.5մլն խմ/, իսկ այս տարի պետք է լցվի 1894,5մ –ի նիշի չափով կամ  16 մլն խմ:

Ջրամբարի ամբողջական ծավալով շահագործման պետք է հասնենք 2015-ից. խոսքն արդեն 23 մլն խմ ջրի մասին է:

Հրապարակման մեջ այնուհետեւ հետեւում են հռետորական հարցադրումները.

ա. «Արդյոք Սեւանից 72,2 մլն մ3 լրացուցիչ ջրառի նախատեսվող օրենքում հաշվառված է Մարմարիկի ջրամբարի 23 մլն մ3 ջրաքանակը: Իրատեսական հաշվարկով հիշյալ ջրաքանակը դեռեւս 2013թ-ին պետք է նվազեցված լիներ Սեւանից օրենքով նախատեսված 168 մլն մ3-ից»:

Միանշանակ  Սեւանից ջրառի գործառույթում հաշվի են առնված ոչ միայն այդ, այլեւ բազմաթիվ գործոններ, որոնց համադրումից ու վերլուծությունից է ծնվել որոշումը: Սակայն չպետք է մոռանալ բնակլիմայական պայմանների մասին, որոնք էլ վերջնականապես ձեւավորում են ոռոգման պահանջարկն ու առաջարկը: Դուք Սեւանի խնդրին նայում եք միակողմանի, խնամքով շրջանցելով Արարատյան դաշտում ստեղծված իրավիճակը, տարվա արդեն իսկ ուրվագծվող սակավաջրությունը:

բ. Արդյոք արժանահավա՞տ են լուրերը, թէ 12,6 մլն ԱՄՆ դոլար ծախսելուց հետո ջրամբարը ինչպես վթարային կար, այնպես էլ վթարային մնացել է:

Բացարձակ կեղծիք ու թյուրիմացություն է նման պնդումը, քանի որ ժամանակին իրոք վթարային վիճակում անավարտ մնացած ջրամբարը վերակառուցելու, ամրապնդելու եւ անվտանգ շահագործելու համար լուրջ ներդրւմներ են կատարվել, որոնք միանշանակ արդարացված են: Մարմարիկի ջրամբարն այսօր  հուսալի եւ ապահով է, լրացուցիչ  պաշտպանված անվտանգության ժամանակակից համակարգերով. Խոսքը, մասնավորապես, նորմալ շահագործումն ապահովելու եւ շինության վիճակին հետեւելու համար տեղակայված սեյսմիկ չափիչ սարքավորումների մասին է, որոնք արձանագրում են ցանկացած սեյսմիկ տատանում եւ դրանց արդյունքում հնարավոր փոփոխություններ:  Ջրամբարի միջուկի վրա տեղադրված են 16 պիեզոմետրեր/չափիչ սարքեր/ ջրամբարում դեպրեսիոն կորի դիրքը որոշելու համար, ինչը թույլ է տալիս հետեւել ջրի կուտակման մակարդակին, օպերատիվ անընդհատ հսկողություն իրականացնել: Եվ հաջորդը` նույն օպերատիվ վերահսկողության, ըստ անհրաժեշտության` միջամտության, ջրամբարի անվտանգության ապահովման համար կառուցվել է 266մ երկարությամբ «կատաստրոֆիկ ջրթող», ինչը թույլ կտա ըստ անհրաժեշտության  ջրամբարից անվտանգ դատարկել  ջրի ավելցուկը:

գ. Եթե Սերժ Սարգսյանի ձեռամբ ջրամբարի շահագործման արարողության ընթացքում հնչեցրած նախագծային պարամետրերը ցայսօր չեն իրականացվել, ովքե՞ր են մեղավորները:

Հարգելի բնապահպան, պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ մեղք չի գործվել, ավելին` բարի, կարեւոր ու մեծ գործ է արվել. Մարմարիկի ջրամբարի նախագծային բոլոր չափորոշիչները կյանքի են կոչվել եւ այն, կրկնում ենք, 2015թ-ից լիարժեք կկատարի իր հիմնական առաքելությունն ամբողջ ծավալով:

Եվ ջրամբարի օպերատիվ իրավիճակի մասին` 24.04.14 դրությամբ.  ջրամբարում շարունակվում է առայժմ 6.3 մլն խ/մ ջրի կուտակումը, միաժամանակ եւ ոռոգման ջրահեռացման գծերով վայրկյանում  1.5խ/մ ջուր է  ուղղվում  ոռոգմանը, որպեսզի ջրամբարը ինտենսիվ չլցվի,  խստորեն պահպանվի մասնագետների նախանշած  մակարդակը եւ ջրամբարը երկար ծառայի ոռոգման համակարգին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպան Մովսես Մանուկյանը մասնավորապես գրել էր. «Մարմարիկ գետի ջրերն ամբարելու համար 2012թ-ին շահագործման հանձնված  Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է»:

Բնապահպան. Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է. ԷկոԼուր