2008 թվականի վրաց-օսական պատերազմը վրաց-օսական կամ վրաց-ռուսական պատերազմ չէր։ Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տարածաշրջանային անվտանգության Հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին։

«Մեր ինստիտուտի տվյալներով պատերազմը սկսվել է ոչ թե Վրաստանի, այլ Թուրքիայի տարածքում։ 2008 թվականի օգոստոսի 5-ին Թուրքիայի տարածքում քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների կողմից պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեհյրան նավթամուղը։ Այդ հակամարտության սուբյեկտը Ցխինվալը կամ այլ տարածքները չէին։ Սա զուտ տարածքային կոնֆլիկտ չէր։ Այս հակամարտությունը տրանզիտի համար էր եւ այն աշխարհաքաղաքական բնույթ ուներ»,-իր կատարած հայտարարությունն այսպես մեկնաբանեց կոնֆլիկտոլոգը։

Նրա համոզմամբ, միջազգային միջնորդները ձախողել են Հարավային Կովկասի մի շարք հակամարտությունների լուծումը այն պատճառով, որ բավականաչափ իրավասություն չեն ունեցել այն կարգավորելու համար։

«Ընթացող գործընթացները իրավասության այն մակարդակում չեն, որոնց արժանի են այդ հակամարտությունները։ Մենք կասկածի տակ ենք դնում ոչ թե մեր կովկասյան քաղաքական գործիչների իրավասությունը, այլ միջազգային միջնորդների իրավասության մակարդակը։ Միջազգային ինստիտուտները փաստացիորեն ձախողել են մեծ քանակությամբ խաղարար գործընթացներ»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ Ալեքսանդր Ռուսեցկին ասաց. «Ես մասնակիորեն համաձայն եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը փաստացիորեն օգոստոսյան պատերազմի արդյունք էր։ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, տեսավ Ռուսաստանի ազդեցության ուժեղացման վտանգը Հարավային Կովկասում։ Էրդողանի կայունության պլատֆորմի ստեղծման առաջարկը նշանակում էր նոր գործընթացի սկիզբ, որով Թուրքիան իր համաձայնությունն էր տալիս Ռուսաստանին՝ Հարավային Կովկասը Սեւծովյան տարածաշրջանից „դուրս բերելու“ քաղաքականություն վարելու վերաբերյալ»,-հավելեց նա։