Կենսաթոշակային բարեփոխման մասին նոր օրենքը խորհրդարանում կքննարկվի հատուկ կարգով, ԱԺ-ի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա՝ քննարկումն առավելագույնս բովանդակալից պետք է լինի:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելու մասին» օրինագծին: Օրինագծում առաջարկվում է վերացնել գործատուների տուգանքը` քաղաքացիների աշխատավարձերից կենսաթոշակային պահումները չկատարելու համար: Միջոցը ժամանակավոր է՝ մինչեւ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխան օրենքի ընդունումը: Օրենքների փաթեթը ընդունվելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Գործատուներն ազատվում են տուգանքներից նաեւ հունվարի 1-ից սկսած մինչեւ ապրիլի 2-ը կենսաթոշակային վճարումները չկատարելու համար:
Այսպիսով, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որը Հայաստանում ուժի մեջ էր մտել հունվարի 1-ից, ժամանակավորապես կդառնա կամավոր:



























