Հայաստանի բնապահպանության նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատյան հարթավայրի ապօրինի խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման, ինչպես նաեւ խորքային ջրերի խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին տեղեկացվել է, որ ավարտվել են ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման աշխատանքները: Այս արդյունքները համադրվում են նախորդ տարիների ուսումնասիրության արդյունքների հետ: Ընթացքի մեջ է նաեւ «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների իրականացման գործընթացը: Այս փուլում հաշվառվում է Արարատյան հարթավայրում ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով մինչեւ ապրիլի 1-ը դիմած տնտեսվարողների նոր հայտերը, որոնք առանձին-առանձին քննարկվելու են ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովում եւ եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:
Վերոհիշյալ աշխատանքներին զուգահեռ շարունակվել են ապօրինի խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման գործընթացը: Արամ Հարությունյանին զեկուցել են, որ ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել եւ բերվել են փականային ռեժիմի 82 հորատանցք, իսկ 7-ը խորքային հորի կոնսերվացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը հանձնարարել է ինտենսիվացնել աշխատանքների ընթացքը՝ սահմանված ժամկետներում շոշափելի արդյունքներ ունենալու նպատակով:




























