Պաշտոնական հանձնարարական կա Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը ներառելու ֆինանսների նախարարության կազմում: Civilnet.am-ի տեղեկություններով, դա պայմանավորված է Պետեկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար նշանակվելու հետ: Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա ըստ էության, կստեղծվի գերհզոր նախարարություն:

Պետական կառավարման տեսանկյունից այդ քայլը հասկանալի չէ, քանի որ ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականություն մշակող, իսկ հարկային ծառայությունը կատարող կառույցներ են: Հարկայինը ներառելով ֆինանսների նախարարության կազմում՝ կանհետանան վերահսկողության մեխանիզմները, եւ փաստացի բյուջետային քաղաքականություն մշակողը եւ եկամուտներ հավաքագրողը կլինի միեւնույն կառույցը: Դա կարող է հանգեցնել պետական համակարգի աղավաղմանը եւ պետական բյուջեի մշակման ու կատարման արդյունավետության անկմանը: