Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 28-ին «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկումն անցել է թեժ մթնոլորտում:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրեց, այնուհետեւ ինքն էլ պատասխանեց, թե ինչու է ՀՀ կառավարությունը նախագիծ ներկայացրել Սեւանա լճից հինգ տարի ժամկետով տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու եւ Արարատյան դաշտավայրը ոռոգելու նպատակով.
«Որովհետեւ պարզվում է, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի օգտագործելիության մակարդակը կրճատվել է ավելի քան 67%-ով։ Ինչո՞ւ է այդպիսի բան եղել, որովհետեւ ձկնաբուծական ընկերությունները կառավարության թույլտվությամբ անվերահսկելի կերպով խորքային հորեր են բացել, հորերից ջրերը լցրել են իրենց ամբարները, ամբարներում ձուկ են աճեցրել, ձուկը վաճառել, շահույթ են ստացել, իսկ ջուրը թափել են դրենաժային համակարգեր, որոնք հոսել են դեպի գետեր ու գնացել։ Այսինքն ստացվում է, որ տեղի է ունեցել քաղաքականություն, որ ջուրն արտեզյան համակարգից հանվել է եւ լցվել Կասպից ծովը։ Հիմա այդ ամեն ինչի հետեւանքով Արարատյան դաշտավայրի շուրջ 8000 հա հայտնվել է անջրդի մնալու վտանգի առաջ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վարդան Այվազյանին, որը մինչեւ այդ հայտարարեց, թե այդ ջուրը պետք է տալ գյուղացիներին:
«Ասում է, թե գյուղացին ջուր չունի։ Բա դուք եք ջուրը վերցրել, ձուկ արտադրել ու շահույթ ստացել, ո՞վ ա մեղավոր, դուք եք մեղավոր։ Արարատյան դաշտավայրի տասնյակ համայնքներ նույնիսկ խմելու ջուր չունենալու վտանգի առաջ են կանգնած։ 200 ավել խորքային հորեր, որ շատրվանում էին, չեն շատրվանում այլեւս, նույնիսկ ատոմակայանի հովացման համակարգը հայտնվել է սպառնալիքի տակ: Ովքե՞ր են այդ ազդեցիկ մարդիկ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալքեսանյանը, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան։ Ես չգիտեի, բայց անցած քառօրյային Հովիկ Աբրահամյանն ինձ ասաց, որ Վարդան Այվազյանն էլ այդտեղ լուրջ գործով է զբաղվում։ Հիմա հետաքրքիր է, Վարդան Այվազյանն ո՞ւմ դարդն ա լացում, գյուղացիների՞, թե՞ իր դարդը»,-ասաց նա։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հակադարձեց՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն չունի:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նույնպես հերքեց ձկնաբուծական ֆերմաներ ունենալու մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ ինքը մտածում է գյուղացիների մասին:
«Էն գյուղացին ի՞նչ մեղավոր է այստեղ, ինչ-որ մեկի ապաշնորհության պատճառով է եղել, նրան պատժեք, կարելի է ասել՝ Սեւանին ձեռք տալ պետք չի, պետք է, 1,5 միլիոն չթողնեիք ամեն տարի, ո՞վ է մեղավորը, ո՞վ էր գողանում, նրա ձեռքը կտրեիք»,- ասաց Այվազյանը:
Նշենք, որ կառավարության նոր նախագծով նախատեսվում է Սեւանից հինգ տարի շարունակ 240 մլն խմ ջուր բաց թողնել, ինչպես նաեւ ձկնաբուծական ֆերմա կառուցել:




























