«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բազայի վրա «Ալբիոն» տեխնոլոգիայով արտադրամաս է հիմնել: Նման տեխնոլոգիայով արտադրություն ոչ միայն Հայաստանում, այլեւ` ամբողջ աշխարհում առաջին անգամ կիրականացվի: Այն Xstrata ավստարալական ընկերության կողմից է մշակվել` ոսկեհանքային խտանյութերի համար: Նախագծի ընդհանուր արժեքը 140 մլն ԱՄՆ դոլար է կազմել:
Նոր արտադրության բազման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, այլ պաշտոնատար անձինք:
Ավստրալական Xstrata ընկերության կողմից մշակված «Ալբիոն» տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում մեծացնել Սոտքի հանքավայրում տարածված կարծր սուլֆիդային հանքաքարից ոսկու կորզման մակարդակը:
Ինչպես լրագրողների հետ զրույցին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին է նշել, գործարանի մանրակերտը Ավստրալիայում է փորձարկվել, որտեղ շուրջ կես տարի Սոտքի հանքավայրից վերցված հանքաքարեր են փորձնական մշակման ուղարկվել:
Նոր տեխնոլոգիայի միջոցով ընկերությունը կարող է մեծացնել ոսկու կորզման մակարդակը` ներկայիս տարեկան 50 հազար տրոյական ունցիայից մինչեւ 120-130 հազար ունցիա հասցնելով (2015թ.): Նախագծի վրա արված ծախսերը կարող են մինչեւ 5 տարվա ընթացքում հետ բերվել:
Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի հայաստանյան ակտիվները ներառում են Սոտքի ոսկու հանքավայրը (ամենախոշորը Հայաստանում), Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը:



























