Հայաստանում շարունակվում են փակվել փոքր խանութները, իսկ դրան զուգահեռ աճում են սուպերմարկետները, որն էլ իր հերթին մեծացնում է արտագաղթի ծավալները: Այս մասին NEWS.am-ին ասաց նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:
«Այդպիսի խանութների փակվելը բերում է աշխատանքի դադարեցման, մինչդեռ դրանք, ըստ էության, աշխատատեղերի ապահովման եւ եկամուտի խնդիր են լուծում, իսկ եթե այս տեսակ խանութները համատարած փակվում են, քաղաքացին հայտնվում է գործազուրկի կարգավիճակում: Եկամուտ չունենալու դեպքում էլ բնականաբար արտագաղթում են, ինչն էլ իհարկե, վատ երեւույթ է»,- ասաց նա:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ տնտեսական սխալ քաղաքականության հետեւանքով են առաջանում արտագաղթի մեծ ծավալները, ցածր եկամուտները:
«Ոչ իշխանական ուժերը բարձրացնում են հենց այսպիսի խնդիրներ, այսինքն ոչ միայն պետք է նոր աշխատատեղեր ստեղծել, այլեւ պահպանել հները, իսկ փոքր խանութների սեփականատերերի համար պետք է ստեղծել հատուկ պայմաններ, ցածր հարկեր, նրանք պետք է աշխատեն առանց ավելորդ ճնշումներ, որ չարտագաղթեն»,- ավելացրեց Վարդան Բոստանջյանը:
Մեր հարցին՝ այդ դեպքում ինչու կառավարությունը նման քայլեր չի ձեռնարկում, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Կառավարությունը չի կարող չհասկանալ, պետք է ի սկզբանե արգելապատնեշներ ստեղծած լինեին: Հիմա որոշակի դժվարություններ կան, կառավարությունը այդուհանդերձ թեկուզ ուշացումով այս հարցերը պետք է լուծի: Միեւնույն ժամանակ որոշներին ձեռնտու է խոշոր սուպերմարկետները, որոշները գտնվում են ուժեղների հովանավորության տակ, հակառակ դեպքում չէին կարող այդպիսի զարգացումներ ունենալ»:
Նշենք, որ 2013-ին Հայաստանում նախորդ տարվա համեմատ առեւտրի ոլորտում զբաղվածների թիվը 2,3 հազարով կրճատվել է, 1400-ով կրճատվել է նաեւ խանութների թիվը: Միաժամանակ սուպերմարկետների թիվն ավելացել է 10-ով:




























