Եթե կենսաթոշակային բարեփոխումը տապալվի, շատ վատ կլինի, NEWS.am-ի թղթակցին ասել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը՝ մեկնաբանելով Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման հետ կապված գործընթացները: Նա վստահեցրել է, որ բարեփոխումը շահավետ է ամբողջ տնտեսության եւ բանկային համակարգի, ինչպես նաեւ՝ քաղաքացիների համար:
«Ես ձեզ անկեղծ կասեմ՝ որպես այդ համակարգի մասնակիցներից մեկը. ես կատարում եմ կենսաթոշակային վճարումներ, եւ դա ինձ մոտ հարցեր չի առաջացնում: Գիտեմ՝ ինչի համար են դրանք, եւ գիտեմ, որ օգտակար կլինեն երկրի համար», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-ն ՀՀ կենսաթոշակային բարեփոխմանը մասնակցում է որպես պահառու բանկ: Այս եւ մյուս բանկերը («Արարատբանկ», «Արդշինինվեստբանկ», HSBC, «Հայբիզնեսբանկ»), ինչպես նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ն քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները պահպանելու գործառույթներին ձեռնամուխ կլինեն 1-2 տարի անց, երբ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում, որտեղ վճարումները փոխանցվում են այժմ, կհավաքվեն կենսաթոշակային բավականաչափ կուտակումներ:
Գուսեւ պարզաբանել է, որ բանկերին հետաքրքիր են ոչ այնքան դեպոզիտար ծառայությունները, որքան այդ միջոցների ներդրումը հայկական ընկերությունների արժեթղթերում, որտեղ իրենք կարող են լինել դրանց անդերռայթերներ: Իսկ հիմա հայկական «Nasdaq OMX» ֆոնդային բորսայում լիսթինգ անցած ընկերությունների թիվը, շատ սահմանափակ է: Փոքր է նաեւ այն ընկերությունների թիվը, որոնց վարկանշում են միջազգային գործակալությունները:
«Սա առողջ բարեփոխում է եւ եթե այն դադարի, կան Աստված չանի, ձախողվի, շատ վատ կլինի: Գուցե որոշ դրույթներ պետք է վերանայել, բայց այն ձեւաչափով, որով այն մտածվել է, այն պետք է հասցվի մինչեւ վերջ»,-կարծում է «ՎՏԲ Արմենիա»-ի տնօրենը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք Հայաստանի համար առավել արդյունավետ կլիներ ռուսական մոդելը (պետական եւ մասնավոր հիմնադրամների միջեւ ընտրության հնարավորությամբ, եւ երկաստիճան մոդելով` կենսաթոշակի ապահովագրական եւ կուտակային մասերով), Գուսեւը հայտարարել է. «Եթե ինձ թույլ տրվեր Հայաստանի պայմանների համար ճիշտ ընտրություն կատարել, ապա ներկայիս տարբերակը կընտրեի»: Նա հաստատական է պատասխանել հարցին, թե արդյոք պատճառը երկրի ոչ մեծ ֆինանսական շուկան է:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը վճիռ էր հրապարակել, համաձայն որի «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք հոդվածներ չեն համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Միաժամանակ դատարանը մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը ժամանակ էր տվել խորհրդարանին եւ կառավարությանը` օրենսդրական դրույթներում ուղղումներ մտցնելու համար: Հասարակական բողոքի լայն ալիքների ճնշմամբ կառավարությունը ստիպված էր կասեցնել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը:


























