Հայաստանում ՓՄՁ-ների եւ սկսակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագիրը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա ՝ ստեղծելով ֆինանսական նոր միջոցների ներգրավվման հնարավորություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսում նշել է ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը:
Կառավարության կողմից ծրագրի գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները:
Ծրագիրն իրականացվելու է Սիլիկոնյան հովտում գտնվող Cleantech Open ակսելերատորի մոդելի հիման վրա, իսկ ազգային գործընկերներն են հանդիսանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զագացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ):
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն տնօրենի տեղակալԿարեն Գեւորգյանն իր խոսքում կարեւորել է ծրագրում երիտասարդ ձեռներեցների եւ ՓՄՁ-ների ներգրավվածությունը:
Նշվել է, որ ծրագիրը նաեւ սերտորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ, որոնցից մի քանիսում արդեն անց են կացվել հանդիպումներ ուսանողության եւ դասախոսական անձնակազմի հետ՝ ներկայացնելով ծրագիրը, խնդիրներն ու նպատակները եւ ծրագրի շրջանակներում կազմակերպվող մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթի մանրամասները: Ըստ Ֆրունզիկ Ոսկանյանի ուսանողությունը բավականին հետաքրքրված է ծրագրով եւ մրցույթին մասնակցությամբ, ինչի մասին վկայում են ստացված հայտերը:
Ներկայացվել են նաեւ մրցույթի մանրամասները՝ նշելով, որ նախատեսվում է հավաքագրել մաքուր տեխնոլոգիաներին (Էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա, թափոններից էներգիայի ստացում, ջրային ռեսուրսներ) վերաբերող թվով մինչեւ 80 բիզնես գաղափարներ եւ նախատիպեր:
Գաղափարների եւ նախատիպերի հեղինակ մասնակիցները կանցնեն գնահատման փուլ, որի արդյունքում ընտրված լավագույն 25-ը կշարունակեն մրցույթը՝ մասնակցելով ինտենսիվ բիզնես դասընթացերի եւ մենթորների հետ անհատական աշխատանքին՝ բիզնս գաղափարները բիզնես մոդելների վերածելու կամ նախատիպերը բարելավելու նպատակով:
Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին տեղի կունենա եզրափակիչ փուլը, որի ընթացքում տեղական եւ միջազգային մասնագետներից կազմված հանձնաժողովը 25 մասնակիցների բիզնես մոդելներից կընտրի լավագույն 4-ը, որոնք եւ կստանան մինչեւ 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային պարգեւներ, իսկ նրանցից մեկը` ազգային հաղթողը, կմասնակցի նաեւ Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա Cleantech Open բիզնես ֆորումին:
Ծրագիրը բաց է բոլորի համար, չունի տարիքային սահմանափակում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարարական եւ ստեղծագործական բիզնես գաղափարներ ունեցող ցանկացած կազմակերպություն եւ անհատ:
Մրցույթին առցանց հնարավոր է դիմել Cleantech Open Armenia կայքի միջոցով՝ http://armenia.cleantechopen.org, իսկ հայերեն լեզվով դիմումաձեւը ստանալու համար գրել հետեւյալ էլ-հասցեով՝ [email protected]:




























