Երկակի ստանդարտներով տարածքների սեփականաշնորհման Օմբուդսմենի հայտարարությանը Երեւանի քաղաքապետարանը հակադարձել է ծավալուն, բայց ակնհայտորեն հիմնազուրկ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Օմբուդսմենի տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Չունենալով փաստարկներ՝ Քաղաքապետարանն անհարկի մեջբերումներ է անում օրենքից: Նման խրթին պարզաբանման մեջ ընդհանրապես բացակայում է պարզությունը, ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել իբր կա որեւէ արդարացում ակնհայտ եւ համատարած խախտումներին:
Կարելի էր բավարարվել այսքանով, սակայն անդրադառնում ենք Քաղաքապետարանի արդարացումներին նաեւ կետ առ կետ.
1. Երեւանի քաղաքապետարան. Մայրաքաղաքի դեռեւս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտիավորման սխեմաները:
Պաշտպանի աշխատակազմ. Մեր բարձրացրած խնդիրը վերաբերում է Արաբկիր վարչական շրջանին, որի գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռեւս 2007 թվականին:
2. Երեւանի քաղաքապետարան. Բակային տարածքները հարկավոր է ազատել ինքնակամ կառուցված եւ ժամանակավոր շինություններից:
Պաշտպանի աշխատակազմ. Այո, եթե այդ գործընթացը չի իրականացվում երկակի ստանդարտներով եւ վերաբերում է ինքնակամ կամ ժամանակավոր կառուցված բոլոր շինություններին: Մինչդեռ, կան արտոնյալներ, որոնց շինությունները չեն քանդվում:
3. Երեւանի քաղաքապետարան. 2009թ. Երեւանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։ Երեւան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երեւան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաեւ նախագծային առաջադրանքների վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմ. 2013 թվականին, սակայն, կրկին ավագանու որոշմամբ՝ Երեւան քաղաքի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով Արաբկիր վարչական շրջանի գոտիավորման նախագծերի մշակման կամ փոփոխման վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ: Այսինքն, ավագանու վերջին որոշմամբ, նշված վարչական շրջանի գոտիավորման սխեմաները փոփոխման ենթակա չեն:




























