Կոտայքի մարզի հարկ վճարողները կարող են բարձրակարգ սպասարկում ստանալ.   տարածքային հարկային տեսչությունում բացվել է նորաոճ սպասարկման սրահ: Լինելով մայրաքաղաքի տեսչություններից հետո մեծությամբ երկրորդը` Կոտայքի ՏՀՏ-ում պատշաճ սպասարկում ապահովող արդիական կենտրոնի հիմնումը խիստ անհրաժեշտ եւ սպասված էր: «Մայրաքաղաքի տեսչությունները սպասարկման սրահներով հագեցնելուց հետո հասունացել էր Կոտայքի տարածաշրջանում նույնպես հարկ վճարողներին միասնական չափանիշներին համապատասխան, որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը: Սրանով մենք եւս մեկ քայլ ենք կատարում կոմիտեի բարեփոխումների շրջանակում` սահմանափակելով հարկ վճարող-հարկային մարմին շփումը»,-նշել է Կոտայքի ՏՀՏ պետ Վահագն Սահակյանը: Տեսչությունն այսուհետ կկարողանա հարկ վճարողների հետ կապն իրականացնել «մեկ պատուհանի» սկզբունքով` խնայելով այցելուների ժամանակը եւ նվազեցնելով նրանց շփումն աշխատակիցների հետ: «Մենք առանձնացրել ենք սպասարկման գործառույթը նախկինում գործող տեղեկատվության եւ վերլուծության բաժնից: Այսուհետ հարկ վճարողները բոլոր հարցերի պատասխանները կարող է ստանալ հարմարավետ, ժամանակակից սարքավորումներով հագեցած սրահի միջոցով»,-ներկայացրել է Կոտայքի ՏՀՏ պետը:

Սպասարկման կենտրոնի ստեղծումը հարկատուներին զերծ է պահում ավելորդ թղթաբանությունից եւ տարբեր բաժիններ այցելելու անհրաժեշտությունից:

Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված է 5862 հարկ վճարող, որոնցից գործունեություն է իրականացնում 2605-ը: Տեսչության կողմից սպասարկվում է 2 քաղաք եւ 30 գյուղական համայնք, այդ թվում` հանքարդյունահանման ոլորտի 19, շինարարության 42, արտադրության 338 ձեռնարկություն: