ՀՀԿ-ական պատգամավորները ցանկանում են վերացնել թանկարժեք մեքենաների համար կիրառվող «շքեղության հարկը», ապրիլի 29-ին ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ 2012թ. հունվարից թանկարժեք մեքենաների համար կիրառվող  ակցիզային հարկը ֆինանսապես չի արդարացրել իրեն, քանի որ բյուջե  ներմուծվող եկամուտները նվազել են. ակցիզի նախատեսված աճի փոխարեն նվազել են մաքսային վճարումները եւ մեքենաների ներմուծման ԱԱՀ-ն: Բյուջե մուտք  արվող եկամուտների ընդհանուր կրճատումը կազմել է 3 միլիարդ դրամ:

Այվազյանը նշել է, որ եթե մեքենան սահմանին թանկանում է (ԱԱՀ-ն՝ 20%, մաքսային տուրքը՝ 10%, ակցիզը՝ 20%), ապա նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել, զարտուղի ճանապարհներ կփնտրեն: Այլ պատճառ էլ կա, որ թանկարժեք մեքենաները պետք է ժամանակավորապես ազատել ակցիզից, ասել է Այվազյանը՝ հավելելով. «Իսկ դուք հիշեք, որ 2015թ.  մենք մտնում ենք  Միասնական տնտեսական տարածք եւ ընդունում մեքենաների միասնական տուրքեր: Իսկ դրանք արդեն բարձր են: Մոռացե՞լ եք: Եվ թող բարձրանան: Կարիք չկա խնդրել  դրանք նվազեցնել, ավելի լավ է խնդրել հացի կամ այլ բանի համար:  Այս ամիսներին նրանք, ովքեր ցանկանում են թանկարժեք մեքենաներ ներկրել, կարող են դա անել»:

Ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավոր, ֆինանսների հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ մուտքերի կրճատման մասին փաստարկը  հազիվ թե համոզիչ լինի, քանի որ 2012թ. թանկարժեք մեքենաներ ներկրումը բնավ չի կրճատվել, այլ հակառակը.  2011թ. եղել է 1432, 2012թ.՝ 1567 հատ:

Նշենք, որ  օրենքը վերաբերում է 25 մլն դրամ (մոտ 60 հազ. դոլար)  եւ ավելի արժեքով  կամ երկու տարվանից նոր եւ 4500 եւ ավելի ծավալի շարժիչով մեքենաներին: