Աղքատության պաշտոնական 35% ցուցանիշի պայմաններում թանկարժեք մեքենաներ նստելն ուղղակի անհարմար է: Այս մասին ապրիլի 29-ին խորհրդարանում «շքեղության հարկը» վերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք կարծում ենք, որ երկրում չպետք է լինեն շատ հարուստներ եւ շատ աղքատներ: Քաղաքացիների եկամուտների ավելի արդարացի բաշխման ձգտումը բավական օգտակար է տնտեսության համար: Հետեւաբար, շքեղ ապրանքներն ավելի բարձր հարկման պետք է ենթարկվեն: Եկեք կրճատենք սոցիալական բեւեռացումը եւ խթանենք պահանջարկը: Դա նշանակում է, եկեք ընդլայնենք շքեղության հարկի բազան: Թող դա լինի եւ անշարժ գույքը, եւ այլ գույք», - նշել է Ռուստամյանը:

ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը (ՀՀԿ), Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) եւ այլք առաջարկում են վերացնել թանկարժեք մեքենաների համար կիրառվող ակցիզային հարկը, որն ուժի  մեջ էր մտել 2012 թ., այն տարածվում է 25 միլիոն դրամ (60 հազար դոլար) եւ ավելի արժեքով  կամ երկու տարվանից նոր եւ 4500 եւ ավելի ծավալի շարժիչով մեքենաների վրա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am