Նույնիսկ Լոնդոնում այնքան «Համմերներ» եւ «Բենթլիներ» չկան, որքան Երեւանում, եւ դա խայտառակություն է Հայաստանի համար: Այսօր` ապրիլի 29-ին թանկարժեք մեքենաների ակցիզային հարկի («շքեղության հարկ») չեղարկման շուրջ խորհրդարանական բանավեճի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հարկը չեղյալ համարելու առաջարկությամբ են հանդես եկել մի շարք պատգամավորներ, այդ թվում` Վարդան Այվազյանը` Հանրապետական կուսակցությունից եւ Միքայել Մելքումյանը` «Բարգավաճ Հայաստանից»:

Զուրաբյանի խոսքով, մի երկրի համար, որտեղ բնակչության կեսը աղքատ է, իսկ ավելի քան 20 տոկոսը` աղքատության շեմին է ապրում, դա իսկական խայտառակություն է: Որովհետեւ բոլորը գիտեն` Հայաստանի ժողովուրդը վատ է ապրում: «Նման հակադրությունը ցույց է տալիս, որ աշխարհի ամենաանարդար հասարակություններից մեկն ենք դարձել»,- ասել է նա:

Զուրաբյանը նշել է, որ հնարավոր է նաեւ` ակցիզը չեղյալ համարելու փորձ է արվում ավտոդիլերներին գերշահույթ ապահովելու համար: «2015թ. Հայաստանը Եվրասիական միության լիիրավ անդամ է դառնալու: Մինչ այդ մեքենաների ներմուծմամբ զբաղվողները կարող են թանկարժեք ավտոմեքենաներ գնել` ցածր մաքսատուրքերով, եւ հետո վերավաճառել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում եւ Համընդհանուր տնտեսական տարածքի այլ երկրներում»,- նշել է Զուրաբյանը: